Ռուսաստանը ՄՍ-21 ինքնաթիռներ կմատակարարի Ադրբեջանին
Ռուսաստանը եւ Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել «Ադրբեջանի ավիագծերի» համար ռուսական նորագույն ՄՍ-21 միջինմայրուղային մարդատար հանրանավերի խմբաքանակի մատակարարման վերաբերյալ: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ինքնաթիռն արտադրող ընկերության՝ «Իրկուտ» կորպորացիայի նախագահ Օլեգ Դեմչենկոն:
«Այսօր չեմ ասի, թե ինչ քանակի ինքնաթիռների համաձայնագիր ենք ստորագրել Ադրբեջանի հետ: Ամենագլխավորն «Ադրբեջանի ավիագծերն» են, նշանակալի է, որ մենք դա արեցինք ինքնաթիռի «գլորահանման» օրը»,- ասել է Դեմչենկոն:
ՄՍ-21-300-ի առաջին թռիչքը կիրականացվի 2016 թվականի դեկտեմբերից մինեւ 2017 թվականի փետրվարն ընկած ժամանակամիջոցում թռիչքափորձարկման կայանում ցամաքային բանեցման արդյունքների ամփոփումից հետո: Պատվիրատուին առաջին ՄՍ-21-300 ինքնաթիռների մատակարարումը պլանավորված է 2018 թվականի վերջին:
ՄՍ-21 ինքնաթիռների ընտանիքը ներառում է երկու մոդելներ. ՄՍ-21-200-ը նախատեսված է 132-ից մինչեւ 165 ուղեւորի, ՄՍ-21-300-ը՝ 163-ից մինչեւ 211 ուղեւորի փոխադրման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: