«Մի տղա իրեն շատ վատ էր զգում, ձեռքը դրված էր կրծքավանդակին». Երրորդմասցի Լյովիկի և մյուսների սպանության գործով հարցաքննվում են վկաները

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Երրորդմասցի Լյովիկի և մյուսների սպանության գործի քննությունը:

Դատարանում հրապարակվեց գործով վկա Վահագն Մնացականյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, որի համաձայն՝ վկան նշել էր, որ իրեն ներկայացված տեսանյութում երևում է իր մեքենան: Այդ ժամանակ իր մեքենայում եղել են իրեն անծանոթ երեք անձ. հետագայում իմացել է, որ նրանք Տլեն, Գաստիկը և Ծգլն էին: Նրանք իրեն մոտեցել էին Նուբարաշենում գտնվող ավտոտեխսպասարկման կետում, Գաստիկը վատառողջ լինելու պատճառով խնդրել է իրեն հասցնել մոտակա հիվանդանոց, սակայն հետագայում մտափոխվել էին և խնդրել տանել Մասիվ:

Գործով մյուս վկան, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ասաց, որ չի հիշում, հիշողության հետ կապված խնդիրներ կան: Նրա խոսքով՝ դեպքի օրը հեռախոսով խոսելիս նկատել է շատ արագ քայլող երեք հոգու, ովքեր տաքսի էին կանգնեցնում: Ինքը մտել է ավտոտեխսպասարկման կետ, գործով է զբաղված եղել, որոշ ժամանակ անց խոսակցություն է լսել: Ինչ-որ մեկը մոտեցել է աշխատակիցներից մեկին, ասել է, որ ընկերը շատ վատ է զգում, պետք է շտապ հիվանդանոց հասցնել: Հետագայում հարցաքննվել է, ցույց են տվել նաև լուսանկարներ:

Մեղադրողի միջնորդության հետ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որի համաձայն՝ դեպքի օրը հեռախոսով խոսելու ժամանակ երեք երիտասարդի է նկատել, ովքեր շատ արագ քայլելով, գրեթե վազելով՝ մոտ են եկել Նուբարաշենի խճուղուն, փորձել են տաքսի կանգնեցնել: Ինքը մտել է վերանորոգման կետ, գնացել առանձնացված սենյակ, սկսել հաշվարկներ կատարել: Այնտեղից խոսակցություն է լսել. մի անձ կետում աշխատողներից մեկին ասել է, որ իրեն շտապ հիվանդանոց հասցնի, շատ վատ վիճակում է: Երբ ինքը դուրս է եկել, վերանորոգման կետում եղել է աշխատողներից միայն մեկը, ով նշել է, որ մի տղա իրեն շատ վատ էր զգում, ձեռքը դրված էր կրծքավանդակին: Հարցրել է՝ արդյոք վրան արյան հետքեր կա՞ն, թե՞ ոչ, ինչին աշխատակիցը պատասխանել է, որ այդ անձի վրա արյան հետքեր չեն եղել: Քննիչի հարցին՝ արդյոք կարո՞ղ է նկարագրել այն անձանց, ում տեսել է, վկան պատասխանել է, որ այդ երիտասարդները կլինեին 20-25 տարեկան, երեքն էլ նիհարավուն կազմվածքով էին, մեկի մազերը սև էին, երկրորդինը՝ ավելի բաց, մյուսինը՝ շագանակագույն: «Մինչև ոստիկանների գալը ես խոսակցություններից իմացա, որ երեք հոգի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ ինքնաձիգներով կրակելով՝ մարդ են սպանել, և արդեն հասկացել էի, որ կրակողները հենց այդ երեք տղաներն էին, ում ես տեսել էի կանգառում»,- իր ցուցմունքում ասել էր վկան:

Տեսանյութեր

Լրահոս