Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանում հակաթուրքական տրամադրությունների մեղավոր է համարում «հայկական լոբբիին»
Անկարան ուղիղ բանակցություններ չի վարում Մոսկվայի հետ խոցված «Սու-24» ինքնաթիռի հետ կապված դեպքից հետո, սակայն կարծում է, որ դրանք անհրաժեշտ են, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Ռուսաստանի հետ մենք չմիջնորդավորված բանակցություններ չենք վարում: Մենք արել ենք մեր առաջարկները, հայտարարություններ ենք փոխանակել, շփումներ են լինում միջոցառումների ժամանակ, որտեղ հաղորդագրություններ են փոխանակվում:
Տեղի է ունեցել դեպք, որը չէինք ցանկանում, ու երկու երկրներին անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես է դա հնարավոր հաղթահարել: Պուտինն ու Ռուսաստանը պետք է որոշում կայացնեն՝ ցանկանո՞ւմ են կորցնել այնպիսի գործընկերոջ, ինչպիսին Թուրքիան է, թե՞ ոչ»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով TRT հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում հակաթուրքական տրամադրությունների պատճառը «հայկական լոբբին է, որը էֆեկտիվ կերպով գործում է ԶԼՄ-ներում»:
Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան լավագույն վայրն է ռուսների հանգստի համար: