
Հայաստանի հավաքականի պաշտպանը կարիերան կշարունակի Իրանում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Իրանում: 25-ամյա պաշտպանը Երևանի «Փյունիկ»-ից տեղափոխվել է Թավրիզը ներկայացնող «Տրակտոր Սազի» ակումբ: Ինչպես հաղորդում է իրանական ակումբի պաշտոնական կայքը, Հարոյանը թիմի հետ երկամյա պայմանագիր է ստորագրել:
«Տրակտոր Սազի»-ն Իրանի առաջնության 2015-2016թթ. մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նշվում է, որ ակումբը Հարոյանի ծառայություններով հետաքրքրված է եղել դեռևս նախորդ մրցաշրջանից:
Իրանի առաջնությունում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հրայր Մկոյանը, ով ներկայացնում է Թեհրանի «Էսթեղլալ» ակումբը: