«Ես ուրախ եմ, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը». ռուսաստանաբնակ հայազգի քաղաքագետ

«Եվրամիությունը չի համարվում օրենսդիր մարմին, այլ խորհրդատու մարմին է։ Մի քանի տարի առաջ Եվրամիությունն ընդունել է որոշում, որ Հայոց ցեղասպանությունն արժե ընդունել։ Իսկ Բունդեստագի այս որոշումը կապված է ներգերմանական խնդիրների հետ, ու ինձ համար ակնհայտ էր, թե ինչ հետևանքների դա կբերի։ Պարզ էր, որ թուրքերն ընդդիմադիր կեցվածք կընդունեն։ Գերմանիան դրանով լուծեց իր խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց ՌԴ-ից ժամանած քաղաքագետ Կարինե Գևորգյանը:

Ըստ նրա՝ հայկական կողմը բարոյական հաղթանակ տարավ, ինչը կարևոր է, բայց նա նկատեց՝ պետք է հասկանանք, որ այդ որոշումն ընդունվեց Գերմանիայի սեփական նպատակների համար. «Գերմանիայի այս ուղերձը բավական հզոր էր: Այդ ուղերձի միջոցով Գերմանիան թուրք միգրանտներին հասկացրեց, որ իր համբերությունը հատել է: Քյոլնի դեպքերից հետո գերմանական հասարակության անհանգստությունները, լարվածությունը հասել են իրենց գագաթնակետին, և այդ է պատճառը, որ գերմանական խորհրդարանն օրենքի ուժով ջանաց սանձել միգրացիոն ճգնաժամը: Գերմանիան հասկացրեց միգրանտներին` «դուք պետք է ենթարկվեք մեր օրենքներին, այլապես ճանապարհը բաց է, կարող եք հեռանալ»»:

Նա նկատեց՝ Գերմանիան մինչև հիմա լվացվում է այն հետևանքներից, որոնք ամբողջ աշխարհին բերել է Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Ըստ նրա՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը Հայաստանին նույնիսկ կվնասի. «Գիտաժողովներից մեկի ժամանակ ես բացատրեցի թուրքերին, որ ճիշտ են անում, որ չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանության ընդունման դեպքում այն մարդիկ, որոնք մահացել են, ու հաշիվներ ունեն շվեյցարական ու ամերիկյան բանկերում, մոտ 50-100 միլիարդ դոլար գումարները կփոխանցվեն թուրքերին, քանի որ այդ մարդիկ Թուրքիայի քաղաքացիներ են։ Այսինքն՝ ստացվում է, որ Թուրքերը հայերին սպանել են ու դրա համար վարձատրվում են: Ցեղասպանվածների ժառանգները քիչ մաս են ստանում այդ գումարից, կարծեմ՝ 5%, գումարի մեծ մասը փոխանցվելու է Թուրքիայի Հանրապետությանը: Նրանք շոկի մեջ էին»:

Տեսանյութեր

Լրահոս