Բաժիններ՝

ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարները համագործակցության մասին տասնյակ փաստաթղթեր են ստորագրել

ԱՊՀ կառավարությունների ղեկավարները Բիշքեկում կայացած նիստի արդյունքներով ստորագրել են փաստաթղթերի փաթեթ էկոնոմիկայի, զինված ուժերի, մարդասիրական ոլորտում համագործակցության վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները հաստատել են 21 փաստաթուղթ, հայտնում է RIA Novosti-ն:

Մասնավորապես, պատվիրակությունների ղեկավարները ստորագրել են համագործակցության անդամ պետությունների ﬕջև պետական գնումների կանոնների և կարգավորման ընթացակարգերի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 18-ի ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի արձանագրությունը, հաստատվել է նաև ագրոկենսաբազմազանության պահպանման մասին կոնվենցիան:

Բացի այդ՝ որոշում է ընդունվել ռազմական չափաբանության և զինված ուժերի չափաբանական ապահովման խնդիրների հետազոտման բնագավառում բազային կազմակերպության մասին: Որոշումներից մեկը վերաբերում է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի համար ականազերծման ոլորտում կադրերի պատրաստությանը:

Կողմերը համաձայնագիր են ստորագրել նաև էլեկտրաէներգետիկայի օբյեկտներում վթարների մասին տեղեկության փոխանակման և ռադիոակտիվ աղբյուրների տեղաշարժման հարցերի վերաբերյալ տեղեկատվական համագործակցության մասին: Մի շարք փաստաթղթեր վերաբերում են առողջապահության ոլորտին: Բացի այդ՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը հաստատել է «ԱՊՀ-ի մասնակից պետությունների բնակչության առողջությունը» ռազմավարությունը:

Խորհրդի որոշումներից ևս մեկը վերաբերում է մինչև 2020 թվականը ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի իրականացման ընթացքին:

Հիշեցնենք, որ Ղրղըզստանի կառավարության՝ Բիշքեկի ﬔրձակա «Ալա Արչա» նստավայրում այսօր մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Նիստում Հայաստանը ներկայացնում է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս