Բաժիններ՝

Դեռևս 2010թ. Ալին կազմել է իր հուղարկավորության պլանը. դագաղը կտանեն Լենոքս Լյուիսը և Ուիլ Սմիթը

Ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն բրիտանացի Լենոքս Լյուիսը եւ հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը կմասնակցեն բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը, հաղորդում է The Guardian-ը: Նրանք հարազատների հետ միասին կտանեն մարզիկի դագաղը:

Ինչպես հայտնի է դարձել Associated Press-ին, 2010 թվականին Ալին կազմել է իր հուղարկավորության պլանը: Սգո արարողության սցենարը նա գրի է առել շուրջ երկու դյույմ (շուրջ 5 սանտիմետր) հաստությամբ այսպես կոչված «Գրքում»:

Նրա ցանկության համաձայն՝ հոգեհանգիստը պետք է տեղի ունենա մարզադաշտում, ուր բռնցքամարտիկին հրաժեշտ տալու կարող է գալ յուրաքանչյուր ցանկացող: Դին տանող թափորը գերեզմանատուն կգնա Ալիի պատվին կոչված փողոցով, ինչպես նաեւ կանցնի մարզիկի անվան թանգարանի մոտով: Բացի դրանից, բռնցքամարտիկը ցանկացել է, որի իր դիակը տանեն այն թաղամասով, որտեղ ինքը հասակ է առել:

Բռնցքամարտիկի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 10-ին Լուիսվիլում՝ Քենտուկիի նահանգում: Սգո արարողությունը կհեռարձակվի համացանցում: Դրան կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ-ի նախկին ղեկավար Բիլ Քլինթոնը, ինչպես նաեւ դերասան Բիլի Քրիսթալը:

Մուհամեդ Ալին մահացել է հունիսի 3-ին 74 տարեկան հասակում Ֆինիքս քաղաքի (Արիզոնայի նահանգ, ԱՄՆ) հիվանդանոցներից մեկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս