Թեթև սրացումներ՝ արձակուրդից առաջ

Ազգային ժողովը երեկ գումարեց հերթական նստաշրջանը՝ օրակարգում ունենալով 142 հարց և տասնյակից ավելի միջազգային պայմանագրերի վավերացում։

«Քառակուսին»՝ Ազգային անվտանգության համակարգում

Բուռն քննարկում ծավալվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի շուրջ։ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը ներկայացրեց, որ նախագծով կարգավորվում են ԱԱԾ-ում ծառայության անցնելու չափորոշիչները, մասնավորապես՝ օպերատիվ հետախուզական և հակահետախուզական գործունեություն իրականացնողների համար ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում երկարաձգվում է 5 տարվա փոխարեն՝ 10 տարով, նաև ԱԱԾ թափուր պաշտոններում կկարողանան նշանակվել Ոստիկանության, Դատախազության և իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներ։ Բացի այդ, կկարողանան ծառայության անցնել գիտական աստիճան ունեցող և զինապարտությունից ազատված անձինք։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ոչ միայն ազգային անվտանգության ոլորտում, այլև բազմաթիվ կարևորագույն ռազմավարական ոլորտներում ունենք մասնագետների պակաս։ Ըստ նրա՝ գիտնականներ պետք է լինեն, բայց դա չպետք է լինի բանակ չգնալու հաշվին. «Մենք բոլորս էլ գիտենք, ովքեր չեն ծառայում բանակում, դրանք պատգամավորների, նախարարների, օլիգարխների, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն են, ովքեր ասպիրանտուրայի քողի տակ զբաղվում են դեզերտիրությամբ։ Մտավախություն չունե՞ք, որ դրանով ազգային անվտանգության համակարգը կդարձնենք կադրերի բյուրո, ահա էդպիսի գիտնականների համար, որոնց գիտնական համարելն անպարկեշտություն կլինի»։

Կարդացեք նաև

Ա. Հարությունյանը նշեց, որ օրենքի փոփոխությունները սահմանափակում չեն մտցրել նրանց համար, ովքեր գիտական աստիճան ունեն և ծառայում են բանակում, գիտական կոչում ունեցող գիտնականներ պետք են տարբեր բնագավառներում, իսկ Ազգային անվտանգության մարմիններում կադրերի ընտրությունը կատարում են կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Ըստ նրա՝ ուսումնասիրություն է կատարվում, թե ինչպես է կատարվել գիտական թեզի պաշտպանությունը, անգամ բարեկամներն ովքեր են։ Հարությունյանը վստահեցրեց, որ Ազգային անվտանգության համակարգում միջնորդությամբ ընդունելություններ չեն լինում։

«Բերեք էդ քառակուսի բաներից դուրս գանք,- հորդորեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ պաշտոնյաների երեխաներն էլ կարող են արժանավոր լինել,- Կրա՞կն են ընկել, որ պատգամավորի երեխաներ են»։ Ն.Զոհրաբյանը վրդովվեց Շարմազանովի «քառակուսի» արտահայտությունից և բորբոքված հակադարձեց նրան ու պնդեց իր տեսակետը։ «Ես տանձից եմ խոսում, դուք՝ խնձորից»,- տարակուսեց Շարմազանովը։

Պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին, թե կա՞ կադրային խնդիր համակարգում, Ա. Հարությունյանը նշեց, որ լուրջ խնդիրներ կան կիբեռանվտանգության ոլորտում, և կարիք ունի գիտակ կադրերով համալրվելու։ Թե ինչո՞ւ է երկարաձգվում թոշակի անցնելու տարիքը, ըստ ԱԱԾ պետի տեղակալի՝ կա կադրերի բավականին մեծ պոտենցիալ. «Մենք ոչ թե փոխարինող չունենք, այլ ուզում ենք ավելի արդյունավետ օգտագործենք փորձառու կադրերի փորձը»։ «Եզակի մարդկանց մասին է խոսքը, անգամ ոչ թե իրենք են ուզում, այլ մենք ենք խնդրում, որ մնան ծառայության»,- հավելեց ԱԱԾ պետի տեղակալը։

Բյուջեի կոռուպցիան
Ազգային ժողովի նիստում նաև մեկնարկեցին 2015 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջեի հիմնական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2015 թ.-ին տնտեսական աճը կազմել է 3%՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման արդյունքում իրական տնօրինվող եկամտի նվազման, ինչպես նաև՝ տնտեսությունում վարկավորման մակարդակի նվազման ազդեցությունը։ 2015 թ.-ին պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1167.7 մլրդ դրամ, որոնք 93.5%-ով ապահովել են ճշտված ծրագրի կատարումը և 2%-ով կամ 23 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա փաստացի ցուցանիշը։

Փոխնախարարը նշեց, որ պետական բյուջեի պակասուրդը 2015-ին կազմել է ՀՆԱ-ի 4.8%-ը՝ նախորդ տարվա 1.9%-ի համեմատ։ Պակասուրդի ֆինանսավորման գերակշիռ մասը կատարվել է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավմամբ, պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48.7%։ 2015 թ. արտաքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 41.4%։ ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 391.1 մլն ԱՄՆ դոլար, որից 355.9 մլն ԱՄՆ դոլարը՝ կառավարության, և 35.2 մլն դոլարը՝ ԿԲ պարտավորությունների գծով։
«Պետական պարտքը դեռևս գտնվում է ամբողջությամբ կառավարելի մակարդակում, իր մեջ ռիսկեր չի պարունակում։ ՀՀ-ն գնահատվում է նվազ պարտք ունեցող երկիր»,- ասաց Ա.Ջանջուղազյանը։

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իր գնահատմամբ՝ բյուջեն չի կատարվել 10.4%-ով։ Ըստ նրա՝ կառավարությունը նշում է արտաքին ազդակների բացասական ազդեցությունը, սակայն ի՞նչն է վատ, ասվում է, որ ԵՏՄ-ի վիճակն է վատ, բայց դրա մասին հայտնի էր նաև 2014 վերջին, երբ բյուջեն հաստատվել է։
«Անընդհատ հանդիպում է ֆրազա, որ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի վրա գնահատվում է 2.1%։ Ես պնդում եմ, որ դա պարզապես խոսքերի բառակույտ է, ոչ մեկն էլ այդ 2.1-ը չի հաշվում»,- ասաց Հ.Բագրատյանը՝ հավելելով, որ կիրառվող մոդելներին ինքը ծանոթ է։

Նա նշեց, որ հարկաբյուջետային քաղաքականությունն ընդլայնողական չի կարելի անվանել։

Հ.Բագրատյանի խոսքով՝ ՀԲ-ն և ԱՄՀ-ն երկրի արտաքին պարտքի գնահատականը տալիս են 3 ցուցանիշներով, որոնցից միայն մեկն է պարտք/ՀՆԱ-ն, կա նաև պարտքի սպասարկում/արտահանում հարաբերությունը, որն այսօր փորձագետների ու տնտեսագետների կողմից մեծ ուշադրության է արժանանում, և որն արդեն մոտեցել է 50%-ին, և դա վտանգավոր է համարվում։
Ա.Ջանջուղազյանը հավաստիացրեց, որ բոլոր նախատեսված ծրագրերը բյուջեի շրջանակներում իրականացված են ամբողջությամբ, և չի եղել դրամական միջոցների անբավարարությամբ պայմանավորված ծրագրի ձախողում։ Անբարենպաստ զարգացումներին հղումները նա պայմանավորեց հիմնական գործընկեր երկրներով։

Ա.Ջանջուղազյանը համաձայնեց, որ բյուջեն հաստատվել է դեկտեմբերին, երբ արդեն մեծ անորոշություն էր, բայց դա այնքան մեծ էր, որ զարգացումների վերաբերյալ գնահատականներ իրենք չունեին։ Պարտքի բեռի վերաբերյալ նա բերեց այլ ցուցանիշներ ևս և կրկին հավաստեց, թե ՀՀ-ն նվազ պարտքի բեռ ունի։

Սակայն Հ.Բագրատյանը մնաց իր համոզմանը՝ ԵՏՄ-ում վիճակը վատ է եղել, բայց մենք ենք վատ ինտեգրվել ԵՏՄ-ին, ու տնտեսությունը դրա պատճառով է հետ ընկել։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անընդունելի համարեց, որ կռուպցիայի դեմ պայքարող կառավարությունը, որ ծառայողական ավտոմեքենաներն է կրճատում, 4-5 անգամ ծավալային ճշգրտում է անում, օրինակ, մեքենաների և սարքավորումների համար հոդվածով, որ 10 մլրդ-ից 47 մլրդ է դարձել. «Սա կոռուպցիա՞ է, թե՞ չէ։

Ի՞նչ իրավունք ուներ կառավարությունը 5 անգամ մեծացնել թիվը»։
Ա.Ջանջուղազյան վստահեցրեց, թե այդ դասակարգումն ավտոմեքենաների հետ քիչ առնչություն ունի, և առաջարկեց բյուջեի մանրամասն նկարագիրը նայել՝ ենթադրելով, որ դա արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծախսերին է վերաբերել։

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 Ժամ»

Տեսանյութեր

Լրահոս