
Մեծ Բրիտանիայում ուտելի հարսանեկան զգեստ են ստեղծել

Մեծ Բրիտանիայում ստեղծել են աշխարհում առաջին հարսանեկան զգեստը, որը կարելի է ուտել: Այն հնարավոր կլինի տեսնել 2016 թվական ապրիլի 16-ին եւ 17-ին Լոնդոնում բացվող հրուշակեղենի միջազգային ցուցահանդեսում, տեղեկացնում է Metro-ն:
Բացառիկ զգեստի ստեղծման աշխատանքով զբաղվել են հրուշակագործներ Սիլվիա Էլբան, Իվետ Մառները եւ նկարչուհի Իլյինկա Ռնիքը: Կանայք այդ աշխատանքի վրա ծախսել են 300 ժամ:
Տոնական հագուստը ստացվել է մոտավորապես 170 սանտիմետր երկարությամբ եւ 75 կիլոգրամ քաշով: Զգեստի համար պահանջվել է ուտելի վաֆլե թղթի հազարավոր թերթիկներ, 35 կիլոգրամ պոմադկա եւ տորթերի համար նախատեսված երեք կիլոգրամ դեկորատիվ ժանյակներ: Նշվում է, որ քաղցր զգեստը չի կարելի հագնել: