«Բունդեսթագի որոշմանը Թուրքիայի արձագանքը ոչ ադեկվատ է». Լավրով
Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը Թուրքիայի հակազդեցությունը ոչ ադեկվատ էր: Այս մասին. ըստ ՏԱՍՍ-ի, «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարա ր Սերգեյ Լավրովը:
Նրա կարծիքով՝ Հայոց ցեղասպանության հետ կապված Բունդեսթագի որոշումը բխում է Թուրքիայի` ԵՄ իրական գործընկեր դառնալու ցանկության բացակայությունից:
«Գուցե այստեղ դերակատարություն են ունեցել ինչ-ինչ ենթադրություններ, որոնք դրդել են այդ քվեարկության նախաձեռնողներին դա անել հենց հիմա, սակայն ես չեմ կարող սպեկուլյացիա անել այս թեմայով»,- ասել է Լավրովը` պատասխանելով Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ընդունմանն առնչվող հարցին:
Նա նշել է, որ իրենք միայն վերջին պահին են տեղեկացել, որ նման քվեարկություն է պատրաստվում:
«Ենթադրում եմ, որ այդ ամենն, ի վերջո, գալիս է Թուրքիայի` շատ հարցերում իրական գործընկեր լինելու ցանկության բացակայությունից, սկանդալներ բարձրացնելու ու իր գործընկերներին, այդ թվում և Եվրոպային վիրավորելու փորձերից: Կարծում եմ, որ Բունդեսթագի որոշմանը նրանց հակազդեցությունը բացարձակապես ոչ ադեկվատ է»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: