«Տարին մեղրի համար նպաստավոր չէ». Մեղուների մեծ անկում կա, մեղվաբույժ չկա
Այս տարին մեղվաբուծություն համար շատ վատ է սկսվել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Մեղվաբույծների ազգային միավորում» հ/կ նախագահ Թելման Նազարյանը, եղանակները նպաստավոր չեն, կարկուտ եղավ, անձրևները շատ են, բայց եթե հետագայում արևոտ լինի, դեռ կարող է իրավիճակը փոխվել:
Սակայն մեղվաբույծների այսօրվա մտահոգությունը բոլորովին եղանակային պայմանները չեն: Ըստ Թ.Նազարյանի` մեղուների ահավոր անկումներ են եղել հիվանդությունների պատճառով` փտախտ և այլն:
«Մեղվաբույժ չկա հանրապետությունում, մեկը կար, նա էլ գնաց Ամերիկա: Հայաստանում 10 հազար մեղվաբույծ կա, 200 հազար մեղվաընտանիք, բայց մեղվաբույժ չունենք: Մարդ կա, հարյուր մեղվաընտանիք է ունեցել, ոչ մեկը չի մնացել: Ամենաշատ անկում կա Գեղարքունիքի մարզում»,- ասաց Թ.Նազարյանը` հավելելով, որ մեղուների դեղեր կան, որոնք դեղատներում չկան:
Նա նշեց, որ գյուղատնտեսության նախարար Լոքյանի հետ քննարկել են խնդիրը, ինքն առաջարկել է նախարարության 600 աշխատակիցների մեծ մասին կրճատել ու նրանց աշխատավարձը տալ մեղվաբույժին: Թ.Նազարյանի կարծիքով` իրադրությունը շատ վտանգավոր է, և նախարարությունը պետք է մտածի:
«Շատ դժվար կացության մեջ ենք, ոնց որ մնացած բնագավառները: Վերջը երևի սա է»,- ասաց մեղվաբույծը:
Թ.Նազարյանը նշեց, որ հունիսի 7-ին վարչապետի հանձնարարությամբ այս իրադրության հետ կապված քննարկում է լինելու. «Մեղվաբուծության զարգացման հայեցակարգը հոկտեմբերից մշակվում է: Անցած տարի 4000 տոնա մեղր է եղել, 4տ 200 կգ է վաճառվել ընդամենը, մնացածը մնացել է տներում, մարդիկ չգիտեն՝ ինչ անել: Արտահանելու համար խնդիրներ կան, դեպի Եվրոպա արտահանելու համար պետք է եվրոպական չափանիշներին համապատասխանի մեղրը, արաբական երկրներն այլ տեսակ մեղր են ուզում: Շատ բան է հնարավոր, բայց մեր ձեռքը գումար չկա, պետությունը պետք է անի, պետությունն էլ չի անում»: