Թաիլանդի «Վագրերի վանքում» կրկին 30 սատկած վագրաձագեր են գտել

Թաիլանդի արեւմուտքի Քանչանաբուրիի նահանգի տխրահռչակ «Վագրերի վանքի» տարածքում 30 սատկած վարգաձագերի մարմիններ են հայտնաբերել, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ Կարմիր գրքում գրանցված այդ կենդանիների 40 սատկած ձագեր էին գտել:

Ինչպես հայտնել է Bangkok Post թերթը, վանքի տարածքում սոսկալի իրողությունը բացահայտվել է թագավորության Ազգային բնայգիների եւ վայրի բնության պաշտպանության դեպարտամենտի կողմից, որի ներկայացուցիչներն այս շաբաթ կտարահանեն այն 137 բենգալական վագրերին, որոնք ավելի վաղ պահվում էին մենաստանի տարածքում: «Վագրաձագերի մարմինները պահածոյացված են ապակե մեծ անոթներում: Դատելով դրանց վրայի մակագրություններից՝ ձագերի մեծ մասը սատկել է, երբ դրանք ընդամենը մի քանի օրական են եղել»,- լրագրողներին պատմել է դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ադիսոռն Նուչդամրոնգը:

Նա նշել է, որ իր աշխատակիցները ոստիկանության սպաների ուղեկցությամբ շարունակում են վանքից վագրերի տարահանումը, որը դատարանի վճռով սկսվել է չորս օր առաջ: Արդեն տեղափոխվել է այստեղ ապրող ավելի քան 80 վայրի կատու, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս