ԼՂՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է
ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ։
ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` խորհրդակցության օրակարգը նվիրված էր «Վարչական գործունեության ազդեցությունը վարորդների կարգապահության բարձրացման և ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպման վրա» թեմային։
Օրակարգի վերաբերյալ զեկույցը ներկայացրել է ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը, ով վարորդների կարգապահության բարձրացման, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման և ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպման գործում կարևորել է ճանապարհային ոստիկանության կողմից տարվող վարչական գործունեությունը և հանգամանալից ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ամփոփ վերլուծությունը։
Հիմնական զեկուցողը հրապարակել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրությունը, համաձայն որի, ընթացիկ տարվա 4 ամիսների ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է 15 պատահար, որոնց հետևանքով 3 մարդ զոհվել, իսկ 17-ը վիրավորվել են՝ նախորդ տարվա 22 պատահարի, 3 զոհի և 29 վիրավորի դիմաց, այսինքն, 7-ով նվազել են պատահարները և 12-ով՝ դրանց հետևանքով առաջացած վիրավորների քանակը, իսկ զոհերի թիվը մնացել է անփոփոխ:
Բորիս Ենգիբարյանը ոստիկանության պետի անունից դրվատանքի արժանացնելով ճանապարհային ոստիկանության գործունեության մեջ արձանագրած ցուցանիշները, այնուամենայնիվ ըստ սպասարկվող շրջանների ճանապարհային ոստիկանության պատասխանատուների կատարած աշխատանքները վերլուծելուց հետո իր մտահոգություններն է արտահայտել և համապատասխան հանձնարարականներ տվել մի շարք առանցքային ուղղություններով։
«Անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ, հատկապես ամառային ժամանակաշրջանում, ակտիվացնել իրականացվող աշխատանքները, որի համար պարտավոր եք կազմել նպատակային միջոցառումների աշխատակարգ՝ ներառելով անսթափ վիճակում, սահմանված արագության գերազանցմամբ և առանց վարորդական իրավունքի, այդ թվում անչափահասների կողմից տրանսպորտային միջոցները վարելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ կոնկրետ միջոցառումները։ Բացի այդ, պարապմունքների ընթացքում նպատակահարմար է շարունակել անձնակազմին պարզաբանել ծառայությունը կանոնակարգող վերջին օրենսդրական փոփոխությունները՝ հանձնարարելով նրանց հետևողականություն ցուցաբերել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց հայտնաբերման, կամ այդ անձանց կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի բացահայտման ուղղություններում՝ քաղաքացիների հետ հարաբերություններում պահպանելով բարեկրթություն և ցուցաբերելով բացարձակապես անաչառ վերաբերմունք բոլորի հանդեպ», – նշել է ոստիկանության պետի տեղակալը։