
Հայաստան Հռոմի պապի այցելության առիթով նամականիշ կթողարկվի. նկարիչներն աշխատում են

Հայաստան Հռոմի պապի պատմական այցելության առիթով կթողարկվեն նամականիշեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը: Նրա խոսքով` արդեն մշակվել ու ներկայացվել են նամականիշներ թողարկելու ՀՀ արդարադատության, տրանսպորտի ու կապի նախարարությունների հրամանագրերը, կա նաև Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի` կաթողիկոսի հավանությունը: «Նամականիշների թողարկումներ արդեն արվել են Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կապակցությամբ և այսպես շարունակ: Հայաստանի Հանրապետության 25-ամյակի առիթով, կարծում եմ, կլինի նամականիշի, գեղաթերթիկի ու ծրարի մարում: Նկարիչներն արդեն աշխատում են»,- տեղեկացրեց փոխանախարարը:
Նրա խոսքով` Տրանսպորտի և կապի նախարարությունում նախարարին կից գործում է Նամականիշների գեղարվեստական խորհուրդ, որում ընդգրկված հանրաճանաչ մտավորականներն էլ հաստատում են յուրաքանչյուր տարի թողարկվող նամականիշների, գեղաթերթիկով նամականիշների, բացիկների, ծրարների ցանկը: «Նրանք մեծ ուշադրություն են դարձնում դիզայնին, բովանդակությանը, որպեսզի դրանք արժանի լինեն Հայոց պատմությանը, Հայաստանը ներկայացնեն մշակութային, պատմական, գիտական, սպորտի ու բոլոր ոլորտներում»,-հավելեց պաշտոնյան:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունը Հայաստան նախատեսվում է հունիսի 24-26-ին: