ՀՀ օմբուդսմենն ընդունել է Արգո Ավակովին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 3-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրի ղեկավար Բերնհարդ Ֆրանկլը եւ ազգային իրավախորհրդատու Մարիա Սիլվանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր:
Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող եւ երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում ամրապնդել եւ ընդլայնել փոխգործակցությունը:
Դեսպան Ավակովը, կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը, պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցեր երկկողմ համագործակցության շրջանակներում:
Պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ Արման Թաթոյանն իր հերթին ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման գործում ԵԱՀԿ գրասենյակի դերը, ինչպես նաեւ հաստատել իր պատրաստակամությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու: