«Հռոմի պապն առանձնաբար է այցելում մեր երկիր». Տեր Շահե Անանյան
Հայոց ցեղասպանոթյան զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հռոմի պապի այցելությամբ ևս մեկ անգամ մեծ հնչեղություն կհաղորդվի Հայոց ցեղասպանության հարցին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
«Այս այցելությունն, ըստ էության, այն ամենի տրամաբանական շարունակությունն է, ինչ տեղի ունեցավ Վատիկանում` նախորդ տարի ապրիլին: Վատիկանում ընդգծվեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է և 20-րդ տարի առաջին ցեղասպանությունն է: Ծիծեռնակաբերդ այցելությամբ Հռոմի պապը հաստատելու է արդեն իր կողմից հնչեցրած այդ միտքը, պաշտոնական հայտարարությունը»,-ասաց նա:
Ապրիլի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Որքանո՞վ են Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարւթյուններն ազդեցություն ունենում քաղաքական որոշումների վրա:
«Սովորաբար դժվարանում եմ այդ ամենում քաղաքական կապ տեսնել, որովհետև, ըստ էության, հայտարարությունը բազմանշանակ է: Հռոմի պապը և’ պետության ղեկավար է, և’ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ: Եթե հաշվի առնենք այն, որ աշխարհում 1.5 մլրդ կաթոլիկ կա, Գերմանիան էլ համարվել է կես կաթոլիկ, կես բողոքական երկիր, ապա, անշուշտ, կարելի է ինչ-որ կապեր տեսնել: Հռոմի պապի քայլը պատգամ էր Եվրոպային, առերեսվել այն իրականության հետ, որ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն են: Այս իմաստով կարող ենք ասել, որ պապի հայտարարությունը որոշակի ազդեցություն է ունենում քաղաքական որոշումների վրա»,-ասաց Տեր Շահե Անանյանը:
Խոսելով Հռոմի պապի այցելության նշանակության մասին` Տեր Շահե Անանյանը նշեց, որ հայ եկեղեցին ջերմ հարաբերություններ ունի կաթոլիկ եկեղեցու հետ: Հռոմի քահանայապետը երկրորդ անգամ է այցելում Հայաստան: Առաջին այցելությունը եղել է 2001 թվականին, երբ Հայաստան ժամանեց Հովհաննես Պողոս 2-րդը: Նրա այցելությունն անցկացվում էր «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» խորագրով:
Հռոմի քահանայապետի սպասվող այցելությունը, ըստ Տեր Շահե Անանյանի, նպատակ ունի ամրապնդելու երկկողմ կապերը` նախանշելով նոր համագործակցության ոլորտներ: «Այն պատմական այցելություն է: Հայաստան է գալիս հայ ժողովրդի բարեկամը` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով բացահայտ կերպով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս իմաստով կարող ենք ասել, որ այցը բացառիկ է»,-հավելեց Տեր Շահե Անանյանը:
Նշենք, որ Հռոմի պապի այցը բնորոշվում էր ռեգիոնալ, բայց, հաշվի առնելով Հայաստանի բացառիկությունը` որպես առաջին քրիստոնյա երկիր, պապը առանձաբար է այցելելու Հայաստան: Նա Վրաստանում ու Ադրբեջանում մեկ այցի շրջանակում լինելու է սեպտեմբերին: