Նաղդալյանը ռուս գործընկերոջը հիշեցրել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին

Մոսկվայում մեկնարկած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի շրջանակում հունիսի 2-ին հայկական պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում հայ խորհրդարանականներն անդրադարձել են տարածաշրջանում առկա լարված իրավիճակի եւ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային առնչվող իրադարձություններին` վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը, որ հակամարտությունը չունի եւ չի կարող ունենալ ռազմական լուծում. անթույլատրելի է Ադրբեջանի՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու եւ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները մերժելու ցանկացած փորձ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ռուս գործընկերոջը ներկայացնելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մանրամասները, ընդգծել է, որ Հայաստանն անթույլատրելի է համարում մերժումը` հակամարտության բացառապես խաղաղ, քաղաքական միջոցներով լուծման հանձնառությունները, հատկապես, որ այս ռազմական ագրեսիայի զոհեր են անմեղ քաղաքացիներ, այդ թվում` երեխաներ: Տիկին Նաղդալյանն այս համատեքստում կարեւորել է միջազգային հանրության հասցեական եւ հստակ գնահատականները:

Նա գործընկերոջը հիշեցրել է Վիեննայում մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի արտգործնախարարների նախաձեռնությամբ տեղի ունեցած երկու երկրների նախագահների հանդիպման մասին, որի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման ուղղությամբ, որոնք, սակայն, ադրբեջանցի պաշտոնյաները Վիեննայի հանդիպմանը հաջորդած իրենց հայտարարություններում փորձել են հերքել, ինչն աներկբա վկայությունն է Բաքվի որդեգրած` հակամարտության լուծման ռազմական կուրսին հավատարիմ մնալու քաղաքականությունը:

Երկուստեք կարեւորվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ, համակարգված եւ հետեւողական աշխատանքը, որն իրականացվում է տարին երկու անգամ օրակարգային հարցերի շուրջ հանդիպումներով:

Կողմերն ընդգծել են, որ մշտապես հաջողվել է տնտեսական, սոցիալական, ռազմաքաղաքական եւ մարդասիրական համագործակցության կարեւորություն ներկայացնող խնդիրները պահել ուշադրության կենտրոնում: Վերջին մի քանի տարիների ընթացքում հանձնաժողովը շեշտը դրել է Ռուսաստանի եւ Հայաստանի մարզերի տնտեսական համագործակցության վրա:

Հանդիպման ընթացքում ելույթ են ունեցել միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը եւ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Իգոր Չերնիշենկոն` ներկայացնելով միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքները, որի առաջին մասն անցկացվելու է Մոսկվայում եւ օրակարգում անդրադարձ է կատարվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացումներին, իսկ երկրորդ մասը` Կազանում եւ առնչվելու է տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին:

Հայ եւ ռուս խորհրդարանականները միմյանց փոխանցել են ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնները, ովքեր հաջողություն են մաղթել միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքներին:

Տեսանյութեր

Լրահոս