«Ֆրանսիայի՝ հեղեղումներից առավել տուժած շրջաններում արտակարգ դրություն կհայտարարվի». Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ երկրի՝ հեղեղումներից առավել տուժած շրջաններում արտակարգ դրություն կսահմանվի, տեղեկացնում է BBC-ն:
Այդ միջոցը կօգնի շտապ ֆինանսական օգնություն ցուցաբերել երկրի առավել տուժած քաղաքներին: Ֆրանսիայի 26 դեպարտամենտներում, այդ թվում՝ Փարիզում, տագնապի նարնջագույն մակարդակ է հայտարարված տեղատարափ անձրեւների պատճառով, որոնք հանգեցրել են սաստիկ հեղեղումների: Երկրում ամենաանձրեւոտ մայիսն է գրանցվել վերջին 150 տարվա ընթացքում:
Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրում հեղեղումների պատճառով ավելի քան 5,5 հազար մարդ է տարհանվել: Տեղեկացվել էր տարեց մի կնոջ զոհվելու մասին:
Սենում ջրի հոսանքի արագությունն օրվա ընթացքում կտրուկ աճել է: Գետում կտրականապես արգելված է նավարկությունը:
Երեք օր անընդմեջ տեղացած անձրեւներից հետո Սենի ջրի մակարդակը Փարիզի սահմաններում 4,15 մետրով գերազանցել է սովորական մակարդակը եւ շարունակում է աճել: Այդ պատճառով փակվել են մետրոյի մի քանի գծեր: Հեղեղված են Պոմպիդուի առափնյակը եւ Օրսի առափնյակի մի մասը:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Կենտրոնական Եվրոպայում՝ Ֆրանսիայից մինչեւ Ուկրաինա, հորդառատ անձրեւները կշարունակվեն մինչեւ հանգստյան օրեր: Սպասվում է, որ առանձին վայրերում մի քանի ժամվա ընթացքում կգրանցվեն մինչեւ 50 միլիմետր տեղումներ:
Լուվրի թանգարանը հունիսի 3-ին փակվել է նախազգուշական նկատառումներով, Օրսի թանգարանը նախօրյակին սովորականից շուտ է փակվել:
Փարիզում եւ Ֆրանսիայի կենտրոնական մասում շուրջ 25 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Ամենից շատ տարերքից տուժել է Փարիզից հարավ-արեւելք գտնվող Նեմուր քաղաքը, որտեղից երեք հազար մարդ է տարհանվել: Քաղաքով հոսող Լուեն գետը՝ Սենի վտակը, հասել է մի մակարդակի, որպիսին չեն տեսել 1910 թվականի ավերիչ հեղեղման ժամանակներից: «Քաղաքի կենտրոնական շրջանն ամբողջովին ջրի տակ է: Բոլոր ձեռնարկություններն ավերված են»,- ասել է Նեմուրի քաղաքագլուխ Վալերի Լակրուտը:
Տեղատարափ անձրևները մոլեգնել են նաեւ Գերմանիայում, որտեղ առնվազն տասը մարդ է զոհվել: «Մենք սգում ենք այն մարդկանց համար, որոնց օգնությունը չափազանց ուշ հասավ եւ նրանք զոհվեցինք հեղեղման հետեւանքով»,- ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Հորդառատ անձրևներ են տեղացել նաեւ Բելգիայում: Բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ Անտվերպենը, Լիմբուրգը եւ Լիեժը, տուժել են հեղեղումից: