
Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն ու գնդապետերը կալանավորվել են

Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին և Մհեր Պապյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են: 168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են:
Հունիսի 2-ին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին և Մհեր Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մ.Չիլինգարյանին և Ա.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ.Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով: Նույն օրը քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։