
Մարսելում Եվրո-2016-ը կպահպանեն ինչպես Կաննի կինոփառատոնը

Մարսելի ոստիկանությունը եւ Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պատրաստվում են Եվրո-2016-ի անցկացման անվտանգությունը ապահովել ոչ միայն քաղաքի փողոցներում ու մարզադաշտում, այլեւ կանխել սպառնալիքները օդից եւ ծովից: Այս մասին հայտարարել է Բուշ դյու Ռոնի դեպարտամենտի ոստիկանության ղեկավար Լորան Նյունիեզը:
«Մրցախաղերի օրերին մեզ մոտ միջոցներ կծավալվեն ոչ միայն տեղերի հսկողության, այլեւ օդից հնարավոր գրոհները կանխելու համար՝ նկատի առնելով անօդաչու սարքերի օգնությամբ ահաբեկչական գործողությունների վտանգը: Անվտանգության այդ բոլոր միջոցներն ինչ-որ բանով հիշեցնում են Կաննի կինոփառատոնի անվտանգության ապահովման միջոցառումները»,-ասել է Նյունիեզը:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը Ֆրանսիայում տեղի է ունենալու հունիսի 10-ից մինչեւ հուլիսի 10-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: