Հայաստանցի երեխաները կրկին մրցանակներ են շահել Լիդիցեի միջազգային մանկական ցուցահանդեսում
Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում մայիսի 31-ին hանդիսավոր պայմաններում բացվեց 44-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը, որի թեման էր «Դպրոցը և կրթությունը»: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել են 77 երկիր, որտեղից ներկայացվել է 18075 աշխատանք: 11292 միջազգային աշխատանքներից 539-ը արժանացել են տարբեր տեսակի մրցանակների: Այս տարվա գլխավոր մրցանակը տրվեց չեխական դպրոցներից մեկին: Հայաստանի երեխաների այս տարվա մրցանակները կրկին բազմաթիվ էին: «Լիդիցեի վարդ» մեդալին վերստին արժանացավ Դիլիջանի Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցը: Առանձին մեդալի արժանացավ նաև դպրոցի 12-ամյա սան Միլենա Քոչարյանը: Դպրոցը ներկայացված էր իր հետևյալ սաների աշխատանքներով՝ Աստղիկ Աբովյան (7 տարեկան), Մելինե Բադալյան (16), Գառնիկ Պապյան (11 տարեկան), Կարեն Սարգսյան (11 տարեկան) և Աննա Թամամյան (11 տարեկան): Պատվոգրի է արժանացել Մարգահովիտի կրթական, սպորտային և մշակութային համալիրի 7-ամյա սան Լիլիթ Խարաթյանը: Մեդալներն ու պատվոգրերը կուղարկվեն Հայաստա ն և հանդիսավոր պայմաններում կհանձնվեն հաղթողներին:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցած հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հատկանշական է, որ այս տարի մրցույթին Ռուսաստանը ներկայացնող մրցանակակիրների մեջ կա 5 հայազգի երեխա:
Լիդիցեի ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Չեխիայի գիտության և կրթության նախարարը, մարդու իրավունքների, հավասար պայմանների և լեգալիզացիայի հարցերով պետնախարարը, մշակույթի փոխնախարարը, պետական ատյանների պաշտոնյաներ, ՀՀ դեսպանության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: