«Գերմանիան ստանձնեց իր բաժին պատասխանատվությունը Ցեղասպանության հարցում». Օզդեմիր

Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle գործակալությանը` ասելով, որ այդ որոշմամբ Գերմանիան վերջապես ստանձնել է իր պատասխանատվությունը Ցեղասպանության հարցում:

«Ցեղասպանությունից 101 տարի հետո ժամանակն էր ճանաչման, ժամանակն էր, որ մենք, որ եղել ենք Օսմանյան կայսրության կողքին և հստակորեն իմացել ենք, թե ինչ է տեղի ունենում, պատասխանատվություն ստանձնենք: Մենք ճանաչեցինք, որ, այո, եղել է Ցեղասպանություն, մենք ստանձնում ենք մեր բաժին պատասխանատվությունը: Սա ակնհայտորեն ազդանշան է Թուրքիային, որ մենք քաջալերում ենք այնտեղի մեր ընկերներին` իմանալու, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,-նշել է Օզդեմիրը, ով Հայոց ցեղասպանության մասին բանաձևի առաջա մարտիկներից է:

Անդրադառնալով խնդրի առնչությամբ Թուրքիայի դիրքորոշման հարցին` նա ընդգծել է, որ իրենք պաշտոնական Անկարայից դրական արձագանք չեն ակնկալում: «Սակայն կա այլ Թուրքիա, երբ խոսում ես մարդկանց հետ առանց լրատվամիջոցների ներկայության, շատերը պատմում են պատմություններ, որոնք պաշտոնապես չես լսի և չես գտնի դասագրքերում: Դա ուրիշ Թուրքիայի պատմություն է, ոչ պաշտոնական պատմություն, որը երբեք չի պատմվում որևէ տեղ: Այդ պատմություններում մարդիկ ասում են, որ իրենց տատերն ու տատերի մայրերը հայեր են եղել, կամ որ տները, որտեղ իրենք ապրում են, պատկանել են հայերին: Կա չգրված պատմություն, որը մի օր պետք է պատմվի»,- ասել է նա:

Խոսելով հայ-թուրքական հաշտեցման գործընթացի մասին` Օզդեմիրը վստահեցրել է, որ եթե լիներ նման գործընթաց, ապա ինքը կլիներ դրա առաջամարտիկներից մեկը:

«Հաշտեցման գործընթաց եղել է, սակայն եկեք լինենք անկեղծ, այդ Էրդողանն էր, որ դադարեցրեց այդ գործընթացը: Թուրքիան ունեցել է նման հնարավորություն: Սակայն Էրդողանը կասեցրել է այն: Կարծում եմ` ժամանակն է, որ Թուրքիայի ընկերները նրան ասեն, որ ճանապարհը, որով երկիրը գնում է, սխալ է»,- եզրափակել է Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահը:

Տեսանյութեր

Լրահոս