«Մեր հասարակության մոտ չպետք է առաջանա տպավորություն, թե բանակն ամենակոռումպացված կառույցն է մեր պետությունում». Վաղարշակ Հարությունյան
«Ինչ որ հիմա կատարվում է Պաշտպանության նախարարությունում՝ դա բնական է ու որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, որ կապված է այն բացթողումների հետ, որ տեղի են ունեցել, բացահայտվել այդ օրերին: Եվ բնական է, որ դրան պետք է նայել՝ որպես գործողություններ, որ պետք է ուժեղացնեն ու բարձրացնեն բանակի մարտունակությունը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում ՊՆ-ում տեղի ունեցող պաշտոնանկություններն ու գեներալի և գնդապետների ձերբակալությունները:
Նա նշեց, որ դեռ քննությունը շարունակվում է. «Մյուս կողմից, իհարկե, այն, ինչ տեղի է ունենում բանակում, այլ տեղերում ավելի մեծ բաներ են տեղի ունենում, և մեր հասարակությունը պետք է հստակ հասկանա, որ բանակն իր առջև դրված խնդիրը լուծում է՝ անկախ նրանից, թե ինչ խնդիրներ կան: Ես ուզում եմ, որ մեր հասարակության մոտ չառաջանա այնպիսի տպավորություն, թե բանակն ամենակոռումպացված կառույցն է մեր պետությունում: Մեր խնդիրները հիմնականում գալիս են այլ տեղերից, այլ կառույցներից: Բայց ինչ տեղի է ունենում, պարզ է, միտված է մի նպատակի՝ բարձրացնել բանակի մարտունակությունը»:
Հիշեցնենք, որ օրերս ձերբակալվել են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը: Ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ԶՈւ Սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին, ով ընդունել էր մեղադրանքը, ցուցմունք տվել, վերականգնել պատճառված վնասը: