Անկարան հետագա քայլերի համար սպասում է բանաձևի տեքստին

Թուրքիան սպասում է Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի տեքստին` հետագա քայլերը հստակեցնելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը` ասելով, որ Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների համար: «Որոշման տեքստը ամբողջությամբ տեսնելուց հետո մեկ վայրկյան անգամ չենք հապաղի քայլեր ձեռնարկելու հարցում»,- ասել է նա:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո պաշտոնական Անկարան սկսել է սպառնալիքներ հնչեցնել Գերմանիայի հասցեին: Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է. «Որպես Թուրքիա` բոլոր հարթակներով անպայման տալու ենք անհրաժեշտ պատասխան այս որոշմանը»: Միաժամանակ փոխվարչապետը հակասել է ինքն իրեն` ասելով, թե Բունդեսթագի ընդունած որոշումն իրենց համար առ ոչինչ է:

Նա «պատմական սխալ» է որակել Բունդեսթագի որոշումը` նշելով, որ դա «հարիր չէ Թուրքիայի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերություններին»: Շարունակելով թուրքական պաշտոնական թեզը` Քուրթուլմուշը կրկին ասել է, որ հարցը պետք է քննարկեն ոչ թե քաղաքական գործիչներն ու խորհդրարանները, այլ գիտականներն ու պատմաբանները:

 

Տեսանյութեր

Լրահոս