Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակ»-ում ընդգրկել է իրեն քննադատած ադրբեջանցի լրագրողին
Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ «սեւ ցուցակը» նոր դրսեւորումներ է ստանում: ԱԳՆ մամուլի ծառայությունն իր «սեւ ցուցակում» ընդգրկել է իշխանամետ haqqin.az լրատվական կայքի թղթակից Զաուր Ռասուլզադեին:
Սեփական ԱԳՆ-ի անգամ անհեթեթ հաղորդագրություններին հավատարիմ կայքը հայտնում է, որ մամուլի ծառայությունն ինքնատիպ արգելք է մտցրել լրագրողների հետ շփման վրա, որոնք նկատվել են նախարարության գործունեության քննադատության մեջ:
Կայքի աշխատակիցներից միայն Զաուր Ռասուլզադեն էր համարձակվել քննադատել ԱԳՆ-ի աշխատանքը: Զաուր Ռասուլզադեի խոսքով` Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիզադեն երկար ժամանակ արհամարհում է իր
հեռախոսազանգերը, իսկ լրագրողի հեռախոսահամարը մտցվել է «սեւ ցուցակ»:
Կայքը հայտնում է, որ դա Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից քննադատության նկատմամբ անհադուրժողականության դրսեւորման առաջին դեպքը չէ:
Ադրբեջանը շարունակում է ընդլայնել «առանց Բաքվի թույլտվության» Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելող անձանց համար հատուկ մշակած «սեւ ցուցակը»` այս անգամ իրեն քննադատող ադրբեջանցի լրագրողների հաշվին:
Articolo21.org կայքն ավելի վաղ հայտնել է, որ Բաքվի իշխանությունների անցանկալի անձանց «սեւ ցուցակում» ընդգրկված են ամբողջ աշխարհի տարբեր երկրներից 532 անձանց անուններ: Դրանց մեջ են հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ, թատերական կոլեկտիվներ, գրողներ, լրագրողներ, 20 իտալացիներ, աշխարհառհչակ երգչուհիներ Կազարնովսկայան, Կաբալյեն:
Նրանք բոլորը Բաքվի այդ զավեշտալի ցուցակում հայտնվել են միայն այն պատճառով, որ «մեղավոր» են իրենց գործունեության հետ կապված ԼՂՀ այցելության մեջ:
Այդ ցուցակից ԼՂՀ այցելող յուրաքանչյուր ոք հայտարարել է, որ մեղմ ասած` թքած ունի այդ «սեւ ցուցակի» վրա, քանի որ այն հանդիսանում է անմիջական հարձակում իր եւ կարծիք արտահայտելու ազատության վրա: