Բաժիններ՝

Անպայման պետք է քայլեմ. գլխի բեկորային վիրավորում ստացած զինվորը չի հուսահատվում. Panorama.am

Ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների հետևանքով գլխի բեկորային վնասվածք ստացած 21-ամյա ժամկետային զինծառայող Դանիել Դավթյանն արդեն մի քանի օր է տեղափոխվել է հիվանդասենյակ:

«Փառք Աստծո, արդեն լավ եմ»,- ասում է Դանիելն ու վերհիշում ապրիլի 2-ի գիշերվա հարձակումը, իր վիրավորվելը, և ամենակարևորը՝ ինչպես է իրեն փրկել նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանը:

Տանկիստ-մեխանիկ Դանիելը Panorama.am-ի թղթակցին պատմում է, որ վնասվածք է ստացել Մատաղիսում: Պայթած արկի բեկորը ներթափանցել է նրա ուղեղ, բազմաթիվ մանր բեկորներ էլ՝ մարմնի տարբեր հատվածներ: Նրան դուրս է բերել ընկերը և բուժկետում առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ ապրիլի 4-ին՝ Երևան:

Դանիելին վիրահատել է նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանը: Վերջինս խոստովանում է, որ զինվորի վիճակը ծայրաստիճան ծանր էր, և քիչ հույսեր կային, որ նա ողջ կմնա: Դանիելը երկար ժամանակ եղել է կոմայի մեջ, նրան վերակենդանացման բաժանմունքում մկրտել են, իսկ մի քանի օր հետո արդեն կոմայից դուրս է եկել:

Հրայր Աճեմյանը նշում է, որ Դանիելն արդեն կարողանում է կանգնել, իսկ դա արդեն լուրջ առաջընթաց է.

«Այն, որ նման վիրավորում ստացած հիվանդը կենդանի է մնացել, դա արդեն հաղթանակ է: Հիմա արդեն կարող եմ այդ մասին հանգիստ Դանիելի մոտ ասել, քանի որ նա գիտակցում է, թե ինչ է իր հետ կատարվել: Մենք առաջին հերթին միայն մտածում էինք փրկել նրա կյանքը, բայց հիմա Դանիելն արդեն կանգնում է: Վստահ ենք, որ քայլելու է»:

Բժիշկի խոսքերը լսելուց հետո Դանիելն արձագանքում է.

«Անպայման պետք է քայլեմ: Գնամ Կարմիր խաչ, վերականգնողական աշխատանքներից հետո ամեն ինչ շատ լավ կլինի»:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս