![](/banners/BeFunky-design.jpg)
Գերմանիայում մեկնարկել է Արյունաբանական կենտրոնի մասնագետների վերապատրաստման ծրագիրը
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/13335921_1753982448176210_6500371002817248003_n.jpg)
Հայաստանում Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման ծրագրի կարևորագույն մասերից մեկն է ՀՀ ԱՆ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի առաջատար մասնագետների արտերկրյա վերապատրաստումը: Մայիսի 31-ին մեկնարկած դասընթացների առաջին փուլը կավարտվի հունիսի 29-ին, որից անմիջապես հետո կսկսվի երկրորդ փուլը: Յուրաքանչյուր փուլում ընդգրկված են 3-ական մասնագետներ:
Դասընթացների առաջին օրը հայաստանյան մասնագետներին ողջունել է UKE համալսարանական կլինիկայի տնօրեն պրոֆեսոր Գյոկեն, որը հույս է հայտնել, որ շուրջ երկու ամիս տևողությամբ կրթական ծրագրի շնորհիվ արյունաբանները ձեռք կբերեն անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ՝ փոխպատվաստման աշխատանքներին արդյունավետ սկիզբ տալու նպատակով: Կենտրոնի տնօրենը պատրաստակամություն է հայտնել նաև շարունակել համագործակցությունը այլ ուղղություններով ևս:
Փոխպատվաստման կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Կրյոգերը ընդգծել է մասնագետների շարունակական վերապատրաստման կարևորությունը, ինչպես նաև հույս հայտնել, որ հետագայում կրթական ծրագրեր կիրականացվեն նաև բուժքույրերի համար, որոնց աշխատանքից է կախված փոխպատվաստված հիվանդների պատշաճ խնամքը:
ՀՀ ԱՆ Առողջապահական ԾԻԳ-ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև հետագա համագործակցության պատրաստակամություն համար: Արյունաբանական կենտրոնի մասնագետների արտերկրյա վերապատրաստումը ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա խնդիրներից մեկն է:
ՀՀ առողջապահության նախարարություն