Բաժիններ՝

Ֆրանսիացի փրկարարները տարհանել են Փարիզի մերձակա Նեմուր հեղեղված քաղաքի բնակիչներին

Ֆրանսիացի փրկարարները հունիսի 1-ին տարհանել են Փարիզից 80 կիլոմետր հարավ գտնվող Նեմուր քաղաքի բնակիչներին: Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների արտակարգ միջամտությունը պայմանավորված էր ընդգրկուն
հեղեղումներով, որոնք այս օրերին մոլեգնում են Ֆրանսիայի կենտրոնական շրջաններում:

12 հազար բնակիչ ունեցող Նեմուր քաղաքը հայտնվել է տարերքի էպիկենտրոնում: Ամբողջովին հեղեղված են նրա կենտրոնական փողոցները, որոնք հարում են ափերից դուրս եկած Լուեն գետին: Ընդհանուր առմամբ, հեղեղման գոտում է հայտնվել շուրջ երեք հազար մարդ:

Նեմուրի կենտրոնում ներկայում աշխատում են փրկարարները, այնտեղ տեղաշարժերը հնարավոր են միայն նավակներով: Հունիսի 1-ի երեկոյի դրությամբ Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայությունը կենտրոնական Ֆրանսիայի Լուարի ու Սենի ու Մառնի դեպարտամենտներում պահպանում է տագնապի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակը:

Նեմուրից բացի, կրիտիկական վիճակ է ստեղծվել Փարիզից 110 կիլոմետր հարավ գտնվող Մոնտարժի քաղաքում եւ տարածաշրջանի մի շարք այլ բնակավայրերում:
Արգելափակված է A10 արագընթացիկ ավտոմայրուղու տեղամասերից մեկը, որը Փարիզից ձգվում է դեպի Օռլեան եւ այնուհետեւ դեպի հարավ- արեւելք: Այնտեղ ավտոմեքենաների վարորդների տարհանմանը հարկ է եղել ներգրավել զինված ուժերի ստորաբաժանումներին:

Հեղեղումների գլխավոր պատճառը տեւական տեղատարափ անձրեւներն են, որոնք շաբաթվա սկզբին տեղացել են Ֆրանսիայի հյուսիսային ու կենտրոնական տարածաշրջաններում:

Երկրի այդ մասերում անձրեւը տեղացել է գրեթե երեք օր անընդհատ, ինչի հետեւանքով կտրուկ բարձրացել է գրունտային ջրերի մակարդակը, եւ շատ գետեր դուրս են եկել ափերից:

Տարերքը չի խնայել նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաքը: Եռօրյա անձրեւներից հետո Փարիզում Սենի մակարդակը բարձրացել է տարվա այս ժամանակի համար աննախադեպ 5 մետրով եւ շարունակում է աճել: Ներկայում Փարիզում գրեթե ամբողջությամբ հեղեղված են բոլոր ստորին առափնյակները, որոնց մի մասը քաղաքի հանգուցային տրանսպորտային միջանցքներն են, իսկ մյուս մասը՝ փարիզցիների եւ զբոսաշրջիկների
զբոսանքների սիրված վայրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս