ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի պայքարը շարունակվում է

«Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս ձեռք բերելու նպատակով քննարկումները շարունակվում են, և կարծես թե արդեն կան ընդհանուր եզրեր, որովհետև ՀԱԿ-ը որևէ անգամ կտրուկ տրամադրված չի եղել, որ՝ վերջ: Երբ քննարկումները կավարտվեն, և կլինի այդ փաստաթուղթը, որի վրա համաձայնությունը կլինի, մենք կբարձրաձայնենք: Բայց կա կամք և ցանկություն՝ քննարկումները շարունակելու»,- 168.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հերքելով լուրը, որ արդեն ձեռք է բերվել կոնսենսուսը:

Ըստ նրա՝ նախագծի երրորդ ընթերցումից հետո և´ ՀԱԿ-ը, և´ իշխանությունը համաձայնեցին, որ նշանակություն չունի, որ ԸՕ-ն ընդունվել է, ցանկացած պայմանավորվածության դեպքում պատրաստ են փոփոխություններով հանդես գալու. «Եթե կլինեն ավելի լավացնող, ԸՕ-ն անխոցելի դարձնող առաջարկություններ, ցանկացած ժամանակ, երբ դա կլինի, մենք պատրաստ ենք նոր փոփոխություններով հանդես գալ: Այդ քննարկումները դեռ երկար կարող են շարունակվել, նույնիսկ 17-ից հետո, որովհետև այդ ԸՕ-ն մեկ ընտրության, մեկ հանրաքվեի համար չէ, ժամանակի ընթացքում կարող են նոր պահանջներ առաջ գալ»:

Վ. Բաղդասարյանի կարծիքով՝ ամեն օր կարող է համաձայնությունը ձեռք բերվել և փաստաթուղթը լինել: Առաջիկայում հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, այն կհրավիրվի հունիսի 13-ին, սակայն ոչ ԸՕ-ի համար. «Արտահերթ նիստ կլինի այն օրենքների համար, որոնք հերթականով չենք հասցնի, քանի որ քառօրյան բավականին ծանրաբեռնված է՝ հարկային օրենսգիրք, բյուջեի կատարողական, դատախազի հաղորդում, միջազգային պայմանագրեր»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս