Բաժիններ՝

Փարիզի «Խաղաղության պատը» կքանդեն Եվրո-2016-ի սկսվելուց առաջ

«Խաղաղության պատ» նշանավոր կոթողը, որը Մարսյան դաշտում վեր է խոյանում Էյֆելյան աշտարակի դիմաց, մինչեւ Եվրո-2016-ը կքանդվի ֆան-գոտու ստեղծման աշխատանքների շրջանակներում: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովի այս որոշման մասին հունիսի 1-ին հայտնել են ազգային ԶԼՄ-ները:

Զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող հուշարձանը, որի վրա մոլորակի 32 ժողովուրդների լեզուներով գրված է «խաղաղություն» բառը, հանդիսավոր կերպով բացվել է 2000 թվականի մարտին Ժակ Շիրակի կողմից, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնը: Հուշակոթողի ստեղծման պատվերը ֆրանսիական պետության կողմից հասցեագրված էր հայտնի ճարտարապետ Ժան Միշել Վիլմոտին եւ դիզայներ Կլարա Հալտերին՝ հայտնի հասարակական գործիչ եւ իրավապաշտպան Մարեկ Հալտերի տիկնոջը:

Հուշարձանը, որը պատրաստված է մետաղե սյուներից եւ հաստ ապակու թափանցիկ շերտերից, տեղադրվել էր Մարսյան դաշտում, l’cole militaire ուսումնական եւ վերլուծական ռազմական կենտրոնի պատուհանների դիմաց: Դա հարուցել է Ֆրանսիայի մայրաքաղաքի օկրուգի բնակիչների վրդովմունքը, որոնց թվում քիչ չեն պաշտոնաթող զինվորականները: «Խաղաղության պատը» քանդելու պահանջները չէին դադարում դրա ստեղծման օրից: Փաստարկներից մեկը դարձել է հետագայում կոթողի արագ խարխլվելը ինչը պայմանավորված է ինչպես Փարիզի կլիմայով, այնպես Էլ նրանով, որ հուշարձանն ի սկզբանե պլանավորված էր որպես ժամանակավոր:

«Խաղաղության պատի» հակառակորդները բերում են նաեւ այն փաստարկը, որ Մարսյան դաշտում դրա տեղադրման պաշտոնական թույլտվությունը Փարիզի քաղաքապետարանից չէր ստացվել, այսինքն՝ հուշարձանն անօրինականորեն գոյություն ունի ահա արդեն 16 տարի շարունակ:

Ներկայում Հալթեր ամուսինները հանդես են եկել «Խաղաղության պատի» վերականգնման համար միջոցներ հանգանակելու կոչով: «Ֆիգարո» թերթի տվյալների համաձայն՝ հուշարձանը կարող է տեղափոխվել կամ վերակառուցվել Փարիզի հյուսիս-արեւելքում գտնվող Լա-Վիլետ ընդարձակ զբոսայգում:

«Եթե «պատը» չհասցնեն քանդել Եվրո-2016 փարիզյան ֆան-գոտու ստեղծման աշխատանքների շրջանակներում, ապա դա կարվի առաջնության ավարտից անմիջապես հետո»,- պարզել է թերթը:

Մարսյան դաշտի ֆան-գոտին իր չափերով երկրորդը կլինի Ֆրանսիայում (կզիջի միայն Լիոնում ստեղծվողին): Այն կտեղավորի մինչեւ 92 հազար երկրպագուների: Ներկայում գրեթե ողջ Մարսյան դաշտը, որն ունի 24 հեկտար տարածք, ցանկապատված է եւ խստիվ հսկվում է ոստիկանության եւ ժանդարմերիայի կողմից: Կատարվում են հսկայական էկրանի եւ հնչյունային համակարգերի տեղադրման աշխատանքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս