ՌԴ կառավարությունը որոշեց մեղմացնել պարենամթերքի բռնարգելքը
ՌԴ-ի կառավարությունը մեղմացրել է պարենային էմբարգոյի ռեժիմը տավարի մսի, թռչնամսի եւ բանջարեղենի համար, որոնք օգտագործվելու են մանկական սննդի արտադրության համար, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ին:
Այդ արտադրանքի ներկրումը թույլատրվում է գյուղատնտեսական նախարարության կողմից դրա նպատակադրման հաստատման դեպքում: Թույլատրված ներկրման կարգը եւ ծավալը նույնպես սահմանում է ագրարային գերատեսչությունը:
ՌԴ-ում պարենային էմբարգոն 2014 թվականի օգոստոսի 7-ից գործում է ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Ավստրալիայից, Նորվեգիայից եւ Կանադայից մատակարարվող ապրանքների նկատմամբ: 2015 թվականին այն երկարացվել է մինչեւ 2016 թվականի օգոստոսի 5-ը: 2015 թվականի օգոստոսի 13-ից այդ երկրների ցուցակում ներառվել են հակառուսական պատժամիջոցներին միացած Ալբանիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը, 2016 թվականի հունվարի 1-ից՝ Ուկրաինան:
Արգելքը տարածվում է մսի եւ մսամթերքի, ձկան եւ ձկնամթերքի, կաթի եւ կաթնամթերքի, բանջարեղենի եւ մրգերի վրա:
Ներկայում ՌԴ կառավարությունը փաստաթղթեր է պատրաստում մինչեւ 2017 թվականի վերջը պարենային էմբարգոն երկարացնելու վերաբերյալ: