Բաժիններ՝

«Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային արժեքները և մոլորեցնում միջազգային հանրությանը». Վահրամ Կաժոյան

Նախիջևանում ոչնչացված են հայկական մշակութային ժառանգության բոլոր արժեքները: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը` ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին:

Ադրբեջանում պնդում են, որ Հայաստանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕի փաստահավաք առաքելություն կազմավորելու գործին։ Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այդ մեղադրանքները:

– Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը դեմ է եղել պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման դիտորդական առաքելություններին, այդ թվում` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի ներքո Կազմակերպության կողմից փաստահավաք տեխնիկական առաքելություն ուղարկելուն իրականությանը չեն համապատասխանում:

Մինչդեռ, Ադրբեջանը, չնայած բազմաթիվ կոչերին մինչ օրս մերժում է ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը, ինչպես նաև Հուշարձանների և տեսարժան վայրե րի պահպանման (ICOMOS) խորհրդի 16-րդ գլխավոր վեհաժողովի կողմից 2008 թվականին ընդունված բանաձևի պահանջն ընդունելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ICOMOS-ի կողմից համատեղ փաստահավաք առաքելությունը Նախիջևան՝ Ջուղայի «տարածքն ուսումնասիրելու և արդյունքները միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով»:

1998-2006 թթ. ընթացքում ադրբեջանական բանակի ստորևաբաժանումներն ամբողջությամբ ոչնչացրեցին Ջուղայի հայկական գերեզմանոցի` 9-16-րդ դդ. թվագրվող, մշակութային բարձր արժեք ներկայացնող, հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը, իսկ տարածքն Ադրբեջանի կառավարությա ն կողմից վերածվեց ռազմական հրաձգարանի: Այս բարբարոսությունը տեսանկարահանվել է։ Բաքուն արգելում է Ջուղա այցելել և տեղում իրավիճակին ծանոթանալ ոչ միայն միջազգային կազմակերպություններին, այլև Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին:

Ըստ փորձագիտական գնահատականների, այսօր Նախիջևանում ոչնչացված են հայկական մշակութային ժառանգության բոլոր արժեքները:

Ի տարբերություն Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղում առկա հուշարձանները, անկախ դրանց ծագումից, պետական հոգածության ներքո են, ինչում համոզվել են բազմահազար այցելուները ԼՂ-ում գտնվելու ըն թացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս