«Հիշում եմ այն օրը, երբ մեր թաղամաս մտավ առաջին հեծանիվը». Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ խորհրդարանի այգում կազմակերպված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում՝ հիշելով իր մանկությունից մի դրվագ, ասաց. «Հիշում եմ, որ մանկության տարիներին բոլորս երազում էինք հեծանիվ ունենալ: Մենք անգամ մեր ձեռքերով «սամոկատ» էինք սարքում և քշում էինք: Հիշում եմ այն օրը, երբ մեր թաղամաս մտավ առաջին հեծանիվը: Այդ հեծանիվը քշելու համար մենք ժամերով հերթագրվում էինք, որպեսզի գոնե 5 րոպե կարողանանք վայելել այդ հաճույքը: Այսօր արդեն հեծանիվ ձեռք բերելը շատ հեշտ է: Հիմա ասում են՝ ո՞րն էր ավելի հետաքրքիր: Ես կարծում եմ, որ այն, ինչը հեշտ է ձեռք բերվում, սովորական է, իսկ ինչը դժվարությամբ է ձեռք բերվում, դա մնում է հիշողությունների մեջ: Հիմա որևէ երեխա տարիներ հետո չի հ իշելու, որ փոքր տարիքում հեծանիվ է ունեցել, բայց ես իմ առաջին հեծանիվ ունենալը հիշում եմ, որովհետև դա ինձ համար յուրահատուկ օր էր»,- նշեց Բաղդասարյանը:

Հարցին՝ մանկության տարիներին ի՞նչ է երազել դառնալլ, նա պատասխանեց. «Ես միշտ երազել եմ մաթեմատիկայով զբաղվել, որովհետև երբ մեծերը ինձ իրենց գիրկն էին նստեցնում, անընդհատ հարցնում էին ծառի վրա 10 միրգ կա, եթե մեկը կամ երկուսը հանես, քա՞նիսը կմնա: Եվ անընդհատ ասում էին, որ դա մաթեմատիկա է: Իմ մեջ դա տպավորվել էր և հենց այդպես էլ եղավ»:

Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ պաշտոն ունենալու մասին չի երազել: «Ես ինձ ավելի շատ գիտության ոլորտում եմ պատկերացրել: Մայրս միշտ ասում էր՝ «ես քո խուժան գործերի հետ գործ չունեմ, գիտությունից չկտրվես»: Երբ ես դոկտորականս պաշտպանեցի, դա իմ մոր ամենամեծ երազանքն էր, նա շատ էր ուրախացել: Ոչ մի անգամ այդքան չի ուրախացել, որ ես պատգամավոր եմ դարձել: Ես հիշում եմ նրա ոգևորությունը, երբ պաշտպանել էի դոկտորականը, հատուկ խնջույք կազմակերպեց և հրավիրեց բոլոր հարևաններին»,- հիշեց պատգամավորը:

Հարցին՝ մանկությունից ի՞նչ չկատարված երազանքներ են մնացել, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Երազում էի 7 երեխա ունենալ, բայց 4-ն ունեցա»:

Լրագրողներից մեկն էլ նկատեց, որ Հայաստանում շատ երեխաներ աղքատ ընտանիքներում են ապրում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն իշխանություններն առկա խնդիրները կարգավորելու համար: «Այդ ուղղությամբ քայլեր արվում են: Եվ ես կարծում եմ, որ ամենաճիշտ գործը հենց հիմա է արվում: Երբ ավարտին հասցնենք այդ աշխատանքները, արդյունքները տեսանելի կլինեն: Պարզապես մենք պետք է հետևողական լինենք մեր ծրագրերը, մեր որդեգրած քաղաքականությունը կյանքի կոչելու հարցում: Այդ պարագայում մենք կկարողանանք այդ խնդիրը կարգավորել»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկա վարը:

Իսկ հարցին, թե ի՞նչ է նվիրելու իր՝ առայժմ միակ թոռնիկին, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Նա դեռ ընդամենը ամսական է, ինչ էլ նվիրեմ՝ չի հասկանալու: Այդ պատճառով համբույր կնվիրեմ»:

Տեսանյութեր

Լրահոս