«Տոտենհեմ»-ն «Արսենալ»-ի ու «Չելսի»-ի հետ կպայքարի Մխիթարյանի համար
«Տոտենհեմ»-ը ևս հետաքրքրված է Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Dailystar-ը:
«Մխիթարյանը կարող է հանդես գալ հարձակման ցանկացած դիրքում՝ աջ, ձախ եզրերում կամ ենթահարձակվողի դիրքում: Հիանալի ձեռքբերում կլինի «Տոտենհեմ»-ի համար. Քրիսթիան Էրիքսենի, Էրիկ Լամելայի ու Հարի Քեյնի հետ նա կդառնա Պրեմիեր լիգայի պաշտպանների մղձավանջը»,- գրել է բրիտանական կայքը՝ ավելացնելով, որ «խթանները» մտադիր են պայքարել Հայաստանի հավաքականի ավագի համար լոնդոնյան մյուս երկու ակումբների` «Արսենալ»-ի ու «Չելսի»-ի հետ:
Հայտնի է դարձել, որ Մխիթարյանը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ, սակայն մտադիր է մինչև պայմանագրի ավարտը` 2017թ.-ի ամառը, մնալ «Բորուսիա»-ում: