Գերմանիայի թուրքերը սպառնում են Բունդեսթագի պատգամավորներին

Բունդեսթագի պատգամավորները Գերմանիայի թուրքական համայնքից հազարավոր սպառնալից էլեկտրոնային նամակներ են ստացել` կապված այդ երկրի օրենսդիր մարմնում հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման հետ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Spiegel պարբերականը:

Թուրքական ծագում ունեցող գերմանացի քաղաքական գործիչ, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը մեկն է այն պատգամավորներից, ով բազմաթիվ վիրավորական ու սպառնալից նամակներ է ստացել հետևյալ պիտակավորումներով. «դավաճան», «հայ խոզ», «անառակի զավակ», «հայ ահաբեկիչ», «նացիստ»:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Գերմանիայի փորձերը լուսաբանող լրագրողները ևս սպառնալից նամակներ են ստանում: Դրանց մեջ նշվում է. «Դու կոչնչացվես», «Քո վերջը լինելու է Հրանտ Դինքի նման»:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին: Բանաձևն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: 

Տեսանյութեր

Լրահոս