Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան
«Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործով նրա ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Դինքի սպանության հետաքննության շրջանակում պաշտոնյաների դեմ մեղադրական դիմում պատրաստած դատախազությունը մի շարք կասկածյալներին չհետապնդելու մասին որոշում էր կայացրել: Դրանց թվում են «Էրգենեքոն»-ի դատավարության կասկածյալ, պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը, Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգորը, Ազգային հետախուզական ծառայության նախկին պաշտոնյա Օզել Յըլմազը:
Դինքի ընտանիքի փաստաբանները կասկածյալներին չհետապնդելու մասին որոշման դեմ իրենց բողոքն էին ներկայացրել դատարանին, որը, սակայն, մերժվել էր: Արդյունքում, Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան` արդար և անկողմնակալ դատավարության իրավունքի խախտման հիմնավորմամբ: