Սերժ Սարգսյանը գերմանացի պատգամավորներին հորդորել է չվախենալ Էրդողանի նախազգուշացումներից

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հորդորել է գերմանացի օրենսդիրներին չվախենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բեռլինի ու Անկարայի միջև հարաբերությունները վատացնելու նախազգուշացումներից և շարժվել առաջ` ընդունելով Օսմանյան ուժերի կողմից հայերի նկատմամբ իրականացված 1915 թվականի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն: Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է գերմանական Bild-ին տված հարցազրույցում:

«Ես վստահ եմ` Բունդեսթագի պատգամավորները տեսնում են խնդիրը նույն կերպ և թույլ չեն տա իրենց վախեցնել: Եթե մեկը սկսում է կարճաժամկետ քաղաքական շահերի համար գնալ փոխզիջումների, ապա դա վերջանում է նրանով, որ այդ փոխզիջումները կրկին ու կրկին շարունակվում են: Եվ դա շատ վատ է Գերմանիայի համար, վատ է Եվրոպայի ու ողջ աշխարհի համար»,- ասել է ՀՀ Նախագահը:

Անդրադառնալով փախստականների խնդրի շրջանակում ԵՄ-Թուրքիա համագործակցությանն ու այդ համագործակցության միջոցով Գերմանիայի վրա գործադրվող ճնշմանը` Սարգսյանն ասել է. «Ես ունեմ զգացում, որ այդ համաձայնությունը կառուցված է ավազի վրա և այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Թուրքիան է, դժվար կլինի դա իրագործել դեռ երկար ժամանակ»:

Տեսանյութեր

Լրահոս