Ինչով էր պայմանավորված ինտերնետ-կապի խափանումները. պարզաբանում՝ «Ղարաբաղ Տելեկոմ»-ից
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը հայտարարում է, որ տեղի ունեցած վթարային խափանումներից հետո համացանցի ծառայությունը վերականգնվել է:
Ընկերության մամլո գրասենյակից հայտնեցին, որ հայցում են բոլոր բաժանորդների ներողամտությունը անհնարմարություն պատճառելու համար:
Աղբյուրի հաղորդմամբ, ավելի վաղ հաղորդվել էր հանրային SMS հաղորդագրությամբ, խնդիրը կապված էր սահմանում մալուխի վնասման հետ: Ղարաբաղ Տելեկոմի և մատակարարների կողմից ծառայություն մատուցող աշխատակազմերը, համատեղ, բացահայտել են խնդիրը և անհապաղ լուծում տվել:
«Թեև մենք չենք կարող երաշխավորել, որ նման վթարներ չեն կրկնվելու, սակայն կարող ենք վստահեցնել, որ ծառայության նման խափանումների առաջացման դեպքում անհապաղ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Ղարաբաղ Տելեկոմի թիմը շուրջօրյա աշխատանք է կատարում տեխնիկական մարտահրավերների պայմաններում ընկերության ծառայությունները բարձրակարգ որակով ապահովելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Ղարաբաղ Տելեկոմը» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 14 տարիների ընթացքում ընկերությունը կառուցել է գերժամանակակից ցանց, որի շնորհիվ հանրապետության տարածքի մոտ 98 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով: «Ղարաբաղ Տելեկոմը» տրամադրում է բջջային, թվային անշարժ և անլար անշարժ հեռախոսակապ, համացանցային ծառայություն ADSL մոդեմի, օպտիկա-մանրաթելային կապի և անլար (Wi-Fi) տեխնոլոգիաների միջոցով, շարժական համացանցային ծառայություն 3G տեխնոլոգիայի միջոցով, ինչպես նաև շարժական համացանց ռումինգում: Ընկերությունն ունի բազում հավակնոտ ծրագրեր՝ նպատակ ունենալով տրամադրել լավագույն ծառայություններն իր բոլոր բաժանորդներին: