Բաժիններ՝

«Նոր Հայաստան»-ը ողջունում է ՇԱԳԱՄ-ի՝ Ազգային դիմադրության կոմիտե ձևավորելու նախաձեռնությունը

Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի որոշումը կայացնելիս Ալիևի ռեժիմի համար էական նշանակություն ունեցավ իր երկրի ներքին պայթյունավտանգ վիճակը, որը, մասնավորապես պայմանավորված էր նավթի գների անկման, մանաթի արժեզրկման, ազգային փոքրամասնությունների խնդիրների և կրոնական հակասությունների սրման, ռուս-թուրքական հարաբերությունների վատացման համաժամանակյա գործընթացներով:

Առաջացած ճաքերը փակելու նպատակով նա մեծ ռիսկի դիմեց՝ փորձելով որոշակի ռազմական հաջողության հասնել, այն ներկայացնել որպես հաղթանակ և այդպիսով ամրացնել իր խարխլվող դիրքը երկրի ներսում: Վտանգը իսկապես շատ մեծ էր, որովհետև անհաջողության դեպքում նա կարող էր անգամ կորցնել իշխանությունը:

Ադրբեջանը կարողացավ իրականացնել իր պլանը և մեզ պատճառելով մարդկային ու տարածքային կորուստներ՝ ամրանալ գրաված դիրքերում:

Ցավոք՝ հակառակորդի հաջողությանը զգալի չափով նպաստեց և այժմ էլ նպաստում է հայկական կողմի վարքը: Ադրբեջանական ագրեսիայի նախապատրաստման, իրականացման և դրան հաջորդած ժամանակահատվածներում Սերժ Սարգսյանի քրեական ռեժիմի վարքագիծը հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ հակառակորդի պլանը հաջողվեց ոչ միայն արտաքին անվտանգության ապահովման ոլորտում հայկական կողմի ցուցաբերած հանցավոր անգործության և ապիկարության, այլև ուղղակի կամ անուղղակի կերպով Ալիևի ռեժիմի շահերը սպասարկելու դավադրության պատճառով:

Այս մասին են վկայում բոլոր այն փաստերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են Սերժ Սարգսյանը և նրա ռեժիմը հանցավոր անգործությամբ կամ դիտավորյալ գործողություններով ձախողում հակառակորդի ագրեսիայի դեմ դիմադրություն կազմակերպելու և նրան հակահարված հասցնելու գործը:

Այսպես՝ բավարար տվյալների առկայության պարագայում իբրև թե հնարավոր չեղավ գնահատել հակառակորդի աննախադեպ հարձակման ծավալն ու ինտենսիվությունը, այնուհետև՝ երբ այդ հարձակումն արդեն տեղի ունեցավ, չկազմակերպվեց պահեստազորի մոբիլիզացիա, առանց հիմնավոր պատճառաբանության կասեցվեց հակագրոհի պատրաստ մեր բանակի առաջխաղացումը, դրանից հետո ամեն ինչ արվեց կորցրած տարածքների մասին տեղեկությունը թաքցնելու համար, իսկ այդ մասին բարձրաձայնող Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ պետության ամբողջ քարոզչամեքենայի ուժերով կազմակերպվեց նրան հրեշացնելու և որպես դավաճան պիտակավորելու զանգվածային արշավ և, երբ այլևս հնարավոր չէր թաքցնել կատարվածը, արդեն փորձ արվեց մոռացության մատնել այն հանգամանքը, որ ճշմարտությունը բացահայտել է Ժիրայր Սէֆիլյանը:

Սակայն հայկական դիմադրությունը ջլատելու նպատակ հետապնդող Սերժ Սարգսյանի դավադիր գործունեությունն այս ամենով չսահմանափակվեց: Երբ քարոզչական դաշտում ռեժիմի պարտությունն ակնհայտ դարձավ, նա չխորշեց որսալու իր աջակցության դիմաց որպես հատուցում Ալիևի նետած «փրկօղակը»՝ ադրբեջանական լրատվամիջոցին պատվիրված հարցազրույցում տխրահռչակ Վահան Մարտիրոսյանի բերանով Ժիրայր Սէֆիլյանին տրված դրական բնութագիրը փորձելով օգտագործել որպես նրան հրեշացնելու և դավաճանի կերպարով ներկայացնելու նոր առիթ:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է Սերժ Սարգսյանի և նրա ռեժիմի հանցավոր ու դավադիր գործելակերպը և, նման իրավիճակում կենսական անհրաժեշտություն համարելով հասարակական հիմունքներով համազգային դիմադրության կազմակերպման հրամայականը, ողջունում է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) նախաձեռնությունը՝ Ժիրայր Սէֆիլյանին Ազգային դիմադրության կոմիտե ձևավորելու համար բանակցելու լիազորություններ տալու վերաբերյալ և իր անունից նույնպես լիազորում է նրան այդ կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու նպատակով:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս