Փորձագետները ադրբեջանական մանաթի հերթական արժեզրկում են կանխատեսում
Ադրբեջանցի փորձագետները հունիսին Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի հերթական արժեզրկում են կանխատեսում: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթն իր` «Մանաթը հունիսին կարժեզրկվի» վերնագրով հոդվածում:
Փորձագետ Աքրամ Հասանովը վերջին ամիսներին դոլարի փոխարժեքի նվազումը գնահատել է որպես մանաթի հերթական արժեզրկումից առաջ դրություն:
«Ակնհայտ է, որ մոտ ժամանակում մանաթի արժեզրկում տեղի կունենա: Հնարավոր է` այն խիստ մեծ չլինի: Ներկայիս փոխարժեքն արհեստական է, քանի որ շրջանառության մեջ մանաթի զանգվածը փոքր է, բնակչությունը դոլարը փոխում է մանաթով եւ վճարումներ կատարում: Դա ձեռնտու է Կենտրոնական բանկին: Սակայն, ԿԲ-ն վաղ, թե շուտ պետք է մեծացնի մանաթի զանգվածը եւ վարկեր տա: Եթե վարկեր չտա, տնտեսության
վիճակը կվատանա: Իսկ մանաթի ճակատագիրը կախված է նավթի գնից, որը դեռեւս չի բարձրանում», -նշել է նա:
Ադրբեջանցի փորձագետի կարծիքով` մանաթի` ներկայիս փոխարժեքում մնալն անհնարին է: Տնտեսագետ Վյուգար Բայրամովի կարծիքով էլ ազգային արժույթը առկա տնտեսական օրենքներով չի կարող երկար ժամանակով ամրապնդվել:
«Ռեալ հատվածի վերակենդանացման, գնողունակության մեծացման ֆոնին ներկրման ընդլայնումը կմեծացնի արտարժույթի պահանջարկը: Այն պատճառով, որ ընդհանուր արտահանման 85 տոկոսն Ադրբեջանում ձեւավորում է էներգետիկ արտադրանքը, մանաթի ապագա ճակատագիրը եւս ավելի շատ կախված կլինի համաշխարհային շուկայում նավթի արժեքի փոփոխությունից», -նշել է տնտեսագետը:
2015 թվականի փետրվարին եւ դեկտեմբերին ադրբեջանական մանաթի ընդհանուր առմամբ գերթե 100 տոկոսով արժեզրկվելու պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամում: