Բակո Սահակյանը ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ երեխաներ,
Թանկագի՛ն ծնողներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Երեխաները մեր հարստությունն են, մեր ուրախությունն ու մեր ապագան: Նրանց աշխարհ գալու պահից ամբողջովին փոխվում է մեր կյանքը, ստանում նոր իմաստ ու խորհուրդ: Եվ այդ պահից էլ մենք պատասխանատու ենք նրանց առողջության, կրթության ու դաստիարակության համար:
Արցախի իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի մեր երեխաները ապրեն խաղաղ, ապահով ու բարեկեցիկ երկրում, լինեն առողջ, երջանիկ, ուրախ ու անհոգ: Այդ նպատակին են ուղղված այն բազմապիսի ծրագրերը, որ իրականացվում են ամեն տարի մեր հանրապետությունում:
Ցավոք, ապրիլյան քառօրյա պատերազմն իր անջնջելի հետքը թողեց նաեւ Արցախի փոքրիկ բնակիչների հիշողության մեջ: Յուրաքանչյուրիս պարտքն է անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի մեր երեխաների շուրթերին լինեն միայն ծիծաղ ու ժպիտ, երգ ու խնդություն, նրանց կյանքը լցված լինի ամենավառ գույներով ու երանգներով:
Թանկագի՛ն փոքրիկներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի տոնի կապակցությամբ եւ մաղթում կապույտ ու անամպ երկինք, կանաչ ու հարթ ճանապարհ եւ մեծագույն հաջողություններ ձեր ամբողջ կյանքի ընթացքում»: