Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով հարցաքննվեց կարևոր վկան. միջադեպ դատարանում

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Երրորդմասցի Լյովիկի և մյուսների սպանության գործով հարցաքննվեց վկաներից մեկը:

Հարցաքննվեց գործով կարևոր վկա Վահագն Մնացականյանը: Նա պատասխանելով դատավորի հարցին՝ արդյոք ճանաչո՞ւմ է գործով ամբաստանյալներին, ասաց՝ «լուրերով եմ տեսել»: Վկան դատարանում հայտնեց, որ Էրեբունիում է աշխատել, իրենց երեք անձ է մոտեցել, ասել են, որ մեկը վատ է զգում, խնդրել են տանել «Էրեբունի» հիվանդանոց:

Ըստ վկայի ցուցմունքի՝ ինքը նրանց տարել է, սակայն ճանապարհին խնդրել են այլ տեղ տանել իրենց: Ինքը նրանց իջեցրել է Մասիվում, իսկ երբ ինքը վերադարձել է, Ոստիկանությունից արդեն սպասում էին իրենց: Դատավորի հարցին՝ արդյոք իրեն գումար տվե՞լ են, վկան պատասխանեց, որ ինքը չէր վերցնում, բայց նրանք մեքենայի մեջ 10 հազար դրամ են թողել:

Դատախազի հարցին, թե երբ է տեղի ունեցել իր կողմից նկարագրված դեպքը, վկան պատասխանեց, որ չի հիշում, հավանաբար 1 տարի անցած կլինի: Հարցին՝ ի՞նչ իմացաք, որ տղաներից մեկը վատ էր զգում իրեն, վկան պատասխանեց, որ նրանք ասացին այդ մասին, բացի այդ՝ նրա տեսքից էլ երևում էր, որ վատ է զգում. գույնը գցած էր: Դատախազը հետաքրքրվեց՝ արդյոք կարո՞ղ է նկարագրել այդ անձանց, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ արդեն չի հիշում, իր նախաքննական ցուցմունքում ինչպես կարողացել է, նկարագրել է: Վկան ասաց, որ հարցաքննելիս իրեն նկարներ են ցույց տվել, ինքը ճանաչել է նրանցից մեկին, ով իրեն վատ զգացող ուղևորն է եղել: Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց՝ արդյոք այդ անձանցից մեկը դահլիճում ներկա՞ է, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ չի հիշում:

Կարդացեք նաև

Մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ նշելով, որ էական հակասություններ կան դատարանում և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև: Առանց լսելու դատավարության մասնակիցների կարծիքը՝ դատավորը մեղադրողին թույլատրեց հրապարակել ցուցմունքը: Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ լավ չի հասկանում՝ իր կարծիքն արտահայտելուց հետո դատարանը փոխելո՞ւ է իր դիրքորոշումը, ըստ էության, արդեն որոշում է կայացրել:

«Ես կխնդրեմ այսուհետ մեզ լսեք, նոր որոշում կայացնեք, բայց ասեմ, որ մեղադրողն ընդհանրապես չպատճառաբանեց: Այո՛, որոշակի հանգամանքներ կան ցուցմունքում, բայց դատախազը պետք է փորձեր դրանք պարզել հարցերի միջոցով, հարցեր չի տվել, որպեսզի պարզի»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Հրապարակվեց վկայի՝ նախաքննության ընթացքում տված առաջին ցուցմունքը. որի համաձայն՝ 2015թ. մայիսի 4-ին, 13:45-ի սահմաններում ավտովերանորոգման կետ են մտել իրեն անծանոթ երեք անձինք, նրանցից մեկը հարցրել է, թե ումն է դրսում կանգնած մեքենան, ինքը պատասխանել է, որ իրենն է, խնդրել են տեղափոխել իրենց, ասել, որ ընկերոջ սիրտը լավ չէ, մեռնում է:

«Այդ ընթացքում ուշադրություն դարձրի այն անձին, ով իրեն լավ չէր զգում: Տեսա, որ նրա դեմքն ամբողջությամբ գունատ է, քրտինքով պատված, աջ ձեռքը դրել էր կյրծքավանդակին՝ մի փոքր առաջ թեքված»,- նշված էր վկայի ցուցմունքում: Ըստ ցուցմունքի՝ ճանապարհին խնդրել են փոխել ճանապարհը, ինքը հարցրել է՝ հիվանդանոց չի՞ տանելու, նրանցից մեկը պատասխանել է՝ «լավ էլի, ախպե՛րս, սենց աջով թեքվի, կիջնենք հես ա»:

Ըստ ցուցմունքի՝ վկան ճանապարհը շարունակել է աջով ու զգացել, որ ինչ-որ բան այն չէ. «քանի որ նրանք երեքն էլ հագած էին կապիշոնով սվիտերներ ու վրայից՝ կուրտկաներ, և կողքիս անձն ավտոմեքենայում նշված խոսակցության ժամանակ անհանգիստ ձևով կողքիններին էր նայում»: Ըստ ցուցմունքի՝ տեղ հասնելուց հետո ուղևորները հեռացել են «կիսախառնված վիճակում»: Նրանց մոտ զենք կամ այլ առարկա չի նկատել:

Հետաքրքրական է, որ քննիչի հարցին ի պատասխան՝ վկան բավական մանրամասն նկարագրել էր իր ուղևորներից երկուսի արտաքինը: «Ավտոմեքենայում իմ կողքին նստած անձը միջահասակ էր, թիկնեղ, դեմքը՝ կլորավուն, այտերը՝ քիչ արտահայտված, մաշկը՝ ցորենամորթ, քիթը՝ միջին չափի, ուղիղ, աչքերը՝ սև, միջին չափի»,- նկարագրելով ուղևորներից մեկին՝ նշել էր վկան՝ հավելելով, որ դեմքը սափրված չէր, «6-7 օրվա թրաշով»: Երկրորդ անձը, ըստ նրա, նիհար էր, կարճահասակ, դեմքը՝ չսափրված, դեմքի այլ նկարագիր չէր հիշում: Երրորդ անձին վկան նկարագրել էր՝ որպես բարձրահասակ անձ, կլորավուն դեմք ունեցող, կանաչավուն խոշոր աչքերով, սափրված դեմքով, կզակի վրա, ծնոտին սպի ուներ: Վերադառնալով վերանորոգման կետ՝ իմացել է, որ տեղանքում սպանություն է կատարվել, իսկ թե իր տեղափոխած անձինք կատարած դեպքի հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ, չի կարող ասել, չգիտի:

Հրապարակվեց նաև վկայի երկրորդ ցուցմունքը, որի ընթացքում վկան հայտնել էր, որ իրեն ներկայացված տեսագրությունում երևացել է իր մեքենան, որի մեջ եղել է իրեն անծանոթ երեք անձ, հետագայում իմացել է, որ նրանք Տլեն, Գաստիկը և Ծգլն են: Գաստիկի վատառողջ լինելու պատճառով խնդրել էին իրեն հասցնել մոտակա հիվանդանոց, սակայն հետագայում մտափոխվել էին՝ խնդրելով տանել Մասիվ: Ցուցմունքի հրապարակման ընթացքում դատարանում միջադեպ գրանցվեց. դահլիճում գտնվողներից մեկը, ով, ըստ ներկաների, սպանվածներից մեկի հայրն էր, Լուսինե Սահակյանին ասում էր, թե ամբաստանյալներից հեռու նստի, և հնչեցնում էր վիրավորական արտահայտություն («չփաթաթվի այդ հանցագործներին»): Լուսինե Սահակյանն ասաց, որ քանի դեռ այդ անձը գտնվում է դահլիճում, ինքը կլքի նիստերի դահլիճը: Դատավորն ասաց, որ հարգում է այդ անձի սպիտակ մազերը, խնդրում է, պահանջում՝ եթե հաջորդ անգամ ռեպլիկ անելու դեպքում չի թողնի մտնել նիստերի դահլիճ: Ամբաստանյալների պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը լքեցին նիստերի դահլիճը՝ նշելով, որ քանի դեռ այդպիսի արտահայտություններ անող անձը դահլիճում է գտնվում և հեռացված չէ, չեն պատրաստվում մասնակցել նիստին: Քանի որ ամբաստանյալները չցանկացան պաշտպանների բացակայությամբ շարունակել նիստը, այն հետաձգվեց՝ նշանակվելով հունիսի 7-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս