Մենաշնորհդ շաքարով կտրեմ
«Ես գիտեմ, որ սա կարող է լուրջ քննադատությունների առիթ տալ, բայց շաքարի մասով շատ է խոսվում, մենք ունենք շաքարի գործարան Հայաստանում, և այն այսօր աշխատում է իր հզորությունների 25-30 տոկոսով, և հումքը վերամշակում են ու ստանում են շաքար. հարց է` արդյոք ճի՞շտ է` առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չթողնել աշխատի, թե՞ ավելի լավ է` օրենքով դու ճանաչես իրեն մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես»,- խոսելով մենաշնորհների դեմ պայքարի մասին` երեկ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
Լրագրողի հարցին` այսինքն` կառավարությունը փորձում է օրենքով օրինականացնե՞լ այն, ինչն այսօր անօրինական ճանապարհով կատարվում է, Մինասյանը պատասխանել է. «Ոչ, ես ասում եմ հետևյալը` սրանք հարցեր ենք, որոնք պետք է քննարկվեն»։ Դե, իհարկե, վերջին տարիների իրադարձություններից կարելի էր ենթադրել, որ այսպես էլ կլինի։ Ինչպես ասում են` տեղ հասանք։ Դեռ 2010 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը Ախուրյանի շաքարի գործարանի բացման ժամանակ հայտարարել էր. «Կարճ ժամանակ հետո Հայաստան, կարծում եմ, ընդհանրապես շաքար չի ներմուծվելու, որովհետև այս գործարանի շաքարի որակը բավականաչափ բարձր է լինելու և ավելի էժան է լինելու, քան արտերկրում արտադրված շաքարը»։
Իսկ հետո` ԵՏՄ-ին անդամակցության շրջանակներում, պետությունն ինքն իր ձեռքով շաքարի շուկան մենաշնորհացրեց։ ԵՏՄ պայմանագրի համաձայն` երրորդ երկրներից պատրաստի շաքար ներմուծել թույլատրվում է առավելագույնը տարեկան 4000 տոննայի չափով` հատուկ թույլտվության առկայության դեպքում, և 10% մաքսատուրքով։ Մինչդեռ ռաֆինացման (վերամշակման ենթակա) շաքարը մաքսատուրքից ազատվում է մինչև 2025 թվականը։ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը ներմուծում է ոչ թե` պատրաստի շաքար, այլ` հումք, որից ստանում է սպիտակ շաքար և վաճառում։ Համենայն դեպս, այդպես ներկայացվում է։ Այսինքն` այնպիսի խիստ անհավասար պայմաններ են ստեղծված, որ որևէ երրորդ ներմուծող չի կարող մրցակցել նրա հետ։ Կարճ ասած` շաքարավազի շուկան պետությունը հավասարեցրեց բնական մենաշնորհի կարգավիճակին։ Իսկ բնական մենաշնորհները, ինչպես հայտնի է, չեն արգելվում։
Փաստորեն` մենաշնորհի դեմ պայքար ասվածի տակ մեր իշխանությունները նկատի ունեն լրիվ այլ բան։ Համաձայնեք, որ բոլոր մոնոպոլիստներն ու օլիգոպոլիստները կերազեին իրենց դեմ տարվող այսպիսի «պայքարի» մասին։