«Սա ամեն ինչի վերջն է». տնտեսագետը՝ Սամվել Ալեքսանյանի շաքարի մենաշնորհն օրինականացնելու մասին

«Մենաշնորհների դեմ չենք կարողանում պայքարել, բերում մենաշնորհներն օրինականացնում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի՝ այսօր արած հայտարարության մասին:

Հիշեցնենք, որ այսօր նախարարը խոսելով մենաշնորհների դեմ պայքարի մասին՝ ասել էր, որ կան ոլորտներ, որտեղ պետությունը պետք է ասի, որ հանդուրժում է մենաշնորհը: «Տնտեսագետների շրջանում քննարկվում է, որ այն մենաշնորհները, որոնք մշտապես նորարարությունների, ինովացիաների վրա են կառուցվում, դրան չի կարելի դեմ արտահայտվել, դա չի կարելի արգելել»,-ասել էր Ա. Մինասյանը՝ նշելով, որ ավելի լավ է, օրինակ, շաքարի ոլորտում օրենքով ճանաչել տվյալ ընկերությանը որպես մենաշնորհ և պայմաններ առաջադրել, քան այդ 25-30 տոկոսն էլ չթողնես՝ աշխատի:

Վ. Խաչատրանի խոսքով՝ տնտեսագիտության մեջ բան մենաշնորհների հետ կապած չկա նման, չկա նման բնագավառ, որ կարող է մենաշնորհային լինել: Ըստ տնտեսագետի` հակացուցված է խոսել մենաշնորհների մասին, առավել ևս, հակացուցված է պետության կողմից մենաշնորհներ տալը. «Այդ դեպքում` ինչո՞ւ միայն շաքարավազին տանք, եկեք ալյուրին էլ տանք, հետո կասենք՝ եկեք օղուն էլ տանք»:

Տնտեսագետը համոզված է՝ չկան ոլորտներ, որոնցում մենաշնորհների առկայությունը կարող է արդյունավետ լինել: Նա նկատեց, որ նույնիսկ այն, ինչ մենք այսօր ունենք և անվանում ենք բնական մենաշնորհ՝ հանձինս Էլեկտրաէներգիայի և գազի, դա ևս ուղղակի «արհեստականորեն» է ստեղծված մեզ մոտ. «Եթե այդ բնագավառի պատասխանատուները մի քիչ ավելի խելացի լինեին, ապա մենք ալտերնատիվ տաբերակներ կարող էինք ունենալ»:

Վ. Խաչատրյանի գնահատմամբ՝ որևիցե ձևով հիմնավոր չեն մենաշնորհներն օրինականացնելու մասին խոսակցությունները. «Ինչո՞ւ պետք է արհեստականորեն պետությունն այդ հնարավորությունը տա, որևէ հիմնավորում չկա»:

Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ Էկոնոմիկայի նախարարն ասում է, որ այդ հնարավորությունը տալով՝ պետությունը կարող է իր պայմաններն առաջադրել տվյալ ընկերությանը, Վ. Խաչատրյանը պատասխանեց, որ ինքը Խորհրդային միությունում տեսել է՝ դա ինչ է. «Ես այդ ժամանակ աշխատել եմ պետական արդյունաբերական ձեռնարկությունում, շատ լավ հասկանում եմ՝ ինչ է դա նշանակում. արդյունքում մեր արդյունաբերական խանութները դատարկվեցին, և դրա պատճառով էր, որ մարդկանց կարևորագույն խնդիրը կայանում էր դեֆիցիտ ապրանք գտնելը:

Եթե մենք ուզում ենք նման տնտեսություն ունենալ, եկեք սկսենք՝ մենաշնորհներ դնենք, տնտեսության մեջ սահմանափակումներ դնենք… Նման տնտեսագիտություն չկա այլևս, կան ազատ շուկայական հարաբերություններ, որտեղ կան երկու սուբյեկտներ՝ արտադրող և սպառող, և մենք՝ սպառողներս ենք որոշում, թե այդ շուկայում որն է ավելի կարևոր, և ոչ թե արտադրողը: Հիմա մեզ ուզում են պարտադրել, որ մենք շարժվենք այդ մարդկանց ցանկություններով: Ինչո՞ւ են զրկում մեզ ընտրության իրավունքից, որը շուկայական տնտեսության մեջ ամենակարևորն է»:

Հարցին, թե ՀՀ Էկոնոմիկայի նախարարի մակարդակով նման հայտարարություն անելը արդյոք նշանակո՞ւմ է, որ առաջիկայում Սամվել Ալեքսանյանի շաքարի մենաշնորհը կօրինականացվի, Վ. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Ասում եմ` հասանք դրան, սա ամեն ինչի վերջն է: Մյուս տնտեսական ծրագրերն արդեն երկրորդական են դառնում»:

Տեսանյութեր

Լրահոս