Հունիսի 2-ից՝ ամառային ջերմաստիճան. կարկտաբեր ցիկլոնի ազդեցությունը դեռ կպահպանվի. armtimes.com
Հանրապետությունում վերջին մեկ ամսվա ընթացքում գերակշռող անձրեւային եղանակը հասցրել է ձանձրացնել: Թե երբ այն իր տեղը կզիջի ամբողջությամբ արեւոտ եղանակին՝ դեռ նույնիսկ օդերեւութաբանները չեն կանխատեսում: Մի բան է միայն հստակ՝ հունիսի 2-ից ջերմաստիճանն ամառային կդառնա՝ հասնելով +30-ի:
armtimes.com-ի հարցերին պատասխանել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը.
– Գագիկ, սկսենք բոլորին հետաքրքրող հարցից. անձրեւները ե՞րբ են դադարելու:
– Առաջիկա 5 օրերին հիմնականում ցիկլոնի ազդեցությունը մեր երկրի տարածքում պահպանվելու է: Այն կշարունակի ակտիվանալ երեկոյան ժամերին: Այսինքն՝ երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին մարզերի մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի երակային անձրեւներ, առանձին հատվածներում շարունակում է մեծ մնալ կարկուտի հավանականությունը: Բայց այդ անձրեւները զուտ լոկալ, երակային բնույթ են կրելու՝ ինչպես այսօր, երբ մայրաքաղաքի մի հատվածում շատ հորդառատ անձրեւ էր, մյուս հատվածում՝ արեւ:
– Ջերմաստիճանն այսօր իջել է երեկվա համեմատ: Նվազումը կշարունակվի՞:
– Ինչ վերանբերում է օդի ջերմային ֆոնին՝ կարելի է ասել, որ մինչեւ հունիսի 1-ը առանձնապես ջերմաստիճանի փոփոխություններ չեն լինի: Ցերեկային ջերմաստիճանները կտատանվեն 25-27 աստիճանի սահմաններում: Իսկ հունիսի 2-4-ն ընկած ժամանակահատվածում ջեդրամաստիճանն աստիճանաբար կբարձրանա մոտ 3-4 աստիճանով եւ Երեւանում կմոտենա +30 աստիճանին:
– Այսինքն ամսի 2-ից հետո օդի ջերմաստիճանի առումով ամառը կմտնի իր լիակատար իրավուքների մեջ:
– Այո, այո: Ուզում եմ ընդգծել, որ հիմա էլ օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է եւ այնպես չէ, որ ներկա ֆոնը որ ունենք՝ նորմայից ցածր է: Եթե մենք ցերեկը ունենում ենք 25 աստիճան՝ դա լիովին մայիսյան տիպիկ ֆոն է: Իսկ ինչ վերաբերում է անկայուն եղանակին՝ ես բազմիցս եմ ասել, որ մայիս ամիսը մեր երկրում ամենախոնավ ամիսն է: Տեղումների ամենամեծ քանակը թափվում է մայիս ամսին: Այնպես չէ, որ սա կլիմայական շեղում է կամ աննախադեպ երեւույթ: Դա միայն դրական է ազդում մեր տնտեսության վրա: Մենք ունենք Սեւանա լճի խնդիր, իսկ առատ անձրեւներից միայն ու միայն ջրային պաշարներն են ավելանում, ջրամբարներն են լցվում, հողի մեջ արդյունավետ ջրային պաշարներն են ապահովվում: Մի խոսքով, եթե կարկուտը չլինի՝ անձրեւները միայն ու միայն դրական են ազդում:
– Իսկ կարկուտ, ինչքան հասկացա, դեռ սպասվում է:
– Կարկուտ համարյա ամեն օր էլ հանրապետությունում լինում է: Երեկ էլ է եղել, առաջիկա 5 օրերին էլ վտանգը պահպանվում է: Սովորաբար մայիսի վերջին, հունիսի սկզբին կարկտաբեր ամպրոպային ամպամածության զարգացումը հասնում է իր պիկին:
– Հնարավո՞ր է կանխատեսել, թե որ շրջաններում է կարկուտ սպասվում:
– Չէ, կարկուտն այնպիսի բան է՝ թաղամասի կեսը գալիս է, կեսը չի գալիս: Դա շատ նուրբ, լոկալ երեւույթ է: Երկու իրար հարեւան հողահանդակներից մեկի վրա կարող է ընդհանրապես կարկուտ չտեղալ, մյուսում՝ ինտենսիվ կարկուտ տեղա: Կանխատեսել, թե որտեղ կգա՝ հնարավոր չէ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: