Արծվիկ Մինասյանը պատասխանատվությունը վերցրեց իր վրա
Մայիսի 12-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պայքար է սկսում կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ՝ գերատեսչությունների ղեկավարներին երեք շաբաթ ժամանակ տալով՝ իրավիճակը վերլուծելու և ներկայացնելու:
Այս շաբաթ լրանում է վարչապետի տված ժամկետը, և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ դեռ հստակ չէ՝ հինգշաբթի օրը՝ կառավարության նիստին կներկայացվե՞ն իրենց ուսումնասիրությունների արդյունքները, թե՞ ոչ:
Նա նշեց, որ Սննդի անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջնական տեսակետ այս պահին չեն ստացել, որպեսզի իրենք կարողանան տեղադրել կայքէջում: «Հուսով եմ՝ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կունենանք: Ինչո՞ւ է կարևոր այս կարծիքների միասնականացումը, որովհետև ցանկացած փաստաթուղթ, որը գրվեց և հրապարակվեց, այդ փաստաթղթից զատ այլ պահանջ չի կարող լինել»,- նշեց նախարարը:
Լրագրողի ճշտող հարցին, թե, փաստորեն, երկարացնո՞ւմ է կառավարությունն այդ ժամկետը, նախարարը պատասխանեց, որ այդ պատասխանատվությունն իր վրա է. «Որովհետև ես չեմ ուզում հրապարակել մի փաստաթուղթ, որը լիարժեք տեղեկատվական ապահովվածություն չունի, դրա համար ես ինքս գուցե խնդրեմ կառավարությանը, վարչապետին, որպեսզի այդ ժամկետը մի քիչ երկարացնի»:
Նախարարը դժվարացավ ասել, թե ինչքան կերկարացնեն այդ ժամկետները: Նա նշեց, որ դեռևս շատ հարցադրումներ կան, իրենք չունեն դրանց ինֆորմացիոն ապահովվածությունը. «Դրա համար հիմա ճիշտ չէ՝ վերցնել ու հայտարարություն անել»:
Ի պատասխան հարցին, թե՝ կարո՞ղ է՝ Ձեր նախաձեռնությունը Բաղրամյան 26-ին դուր չի եկել, և հիմա չեն թողնում անունները հրապարակել, Ա. Մինասյանը ճշտեց, որ սա իր նախաձեռնությունը չէր, սա վարչապետի հանձնարարականն էր. «Երկրորդ, գոյություն ունի Սահմանդրության նորմ, կա ՀՀ նախագահի ելույթ, երկու քաղաքական ուժերի կնքած համաձայնագիր, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ ակտիվ հակամենաշնորհային քաղաքական նախաձեռնության մասին, և, ի վերջո, տրվել է վարչապետի հանձնարարականը, այսինքն՝ սա կամքի դրսևորում է, չէ՞: Մնացածը կախված է մասնավորապես ինձնից, ես որքանո՞վ կկարողանամ առաջարկել լուծման արդյունավետ տարբերակ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: