Բաժիններ՝

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում 2015թ. օգտագործվել է 20.8 մլրդ դրամ

2015 թ-ի պետական բյուջեի ծախսերի 27.2%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Ինչպես այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, կատարված հատկացումները կազմել են 383.7 մլրդ դրամ՝ ապահովելով 99.6% կատարողական:

Ըստ նրա` 2014 թ. համեմատ սոցիալական պաշտպանության ծախսերն ավելացել են 12%-ով կամ 41.2 մլրդ դրամով: Անցած տարի ավելի քան 1.2 մլրդ դրամ տրամադրվել է վատառողջության և անաշխատունակության խմբին` ապահովելով 99.2% կատարողական: Ավելի քան 1 մլրդ դրամ տրամադրվել է անաշխատունակության դասին` ապահովելով 99.3% կատարողական: 2014թ. համեմատ ծախսերը նվազել են 1.4%-ով: Ծերության դասի ծրագրերին 2015 թվականին հատկացվել է շուրջ 283.2 մլրդ դրամ` ապահովելով 100% կատարողական: 2014 թ. համեմատ նշված ծախսերն աճել են 17.7%-ով: Սպայական անձնակազմի ու նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների ծախսերը կազմել են 22 մլրդ դրամ կամ նախատեսվածի 100%-ը: 2014 թվականի համեմատ նշված ծախսերն աճել են 2.3%-ով կամ 488.7 մլն դրամով, ինչը պայմանավորված է զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի բաձրացմամբ:

Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների ծախսերը կատարվել են 100%-ով և կազմել շուրջ 13.3 մլրդ դրամ: 2014 թվականի համեմատ դրանք աճել են 15.9%-ով կամ 1.8 մլրդ դրամով:

Ա.Ջանջուղազյանը նշեց, որ կենսաթոշակների ծախսերը կազմել են շուրջ 2.4 մլրդ դրամ, ապահովելով 100% կատարողական: Տարեցների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով նախարարության ենթակայությանը հանձնված տարեցների տուն- ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին պետական աջակցությունը կազմել է շուրջ 2 մլրդ դրամ` ապահովելով 100% կատարողական: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 19.8%-ով կամ 325.3 մլն դրամով:

Աշխատանքային կենսաթոշակների ծախսերը կազմել են 221.7 մլրդ դրամ: 2014 թ. համեմատ ծախսերն աճել են 13.9%-ով կամ 27 մլրդ դրամով՝ պայմանավորված հիմնական կենսաթոշակի և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի բարձրացմամբ:

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում օգտագործվել է 20.8 մլրդ դրամ` ապահովելով 100% կատարողական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս