«Տեղեկացվել ենք այն վայրագությունների և հնարավոր ռազմական հանցագործությունների մասին, որ տեղի են ունեցել վերջին ռազմական գործողությունների ժամանակ». ԵԽԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցողներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)  մոնիթորինգի խմբի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ալան Միլը (Մեծ Բրիտանիա) և   Ջուզեպպե Գալատին (Իտալիա) մայիսի 11-12-ը Հայաստան կատարած իրենց վերջին այցից հետո հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է ԵԽԽՎ կայքում:
Համազեկուցողներն իրենց հայտարարության մեջ անդրադարձ են Հայաստանում կայացած Սահմանադրական բարեփոխումներին, կոչ արել Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին շարունակել երկխոսությունը նոր Ընտրական օրենսգրքի շուրջ և գնալ փոխզիջումների՝ կոնսենսուսի գալու համար:

Նրանց խոսքով՝ նոր ընտրական համակարգն ու Ընտրական օրենսգիրքը, եթե իրականացվի ինչպես հարկն է, կկարողանա նոր փուլի սկիզբ նախանշել: Համազեկուցողները նաև անդրադարձ են կատարել Հայաստանում կոռուպցիայի խնդրին՝ նշելով, որ այն «Հայաստանի համար շարունակում է մնալ լրջագույն խնդիր»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ալան Միլն ու Ջուզեպպե Գալատին իրենց անհանգստությունն են հայտնել հակամարտության սահմանի երկայնքով տիրող լարվածության առնչությամբ, որը հետևել է ապրիլյան սրացումներին: Նրանք ողջունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են ներդնել միջադեպերի հետաքննական մեխանիզմներ ԵԱՀԿ-ի հովանու ներքո, «ինչը կարևոր է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման համար»:

«Մենք տեղեկացվել ենք այն վայրագությունների և հնարավոր ռազմական հանցագործությունների մասին, որ տեղի են ունեցել վերջին ռազմական գործողությունների բռնկման ժամանակ: Այդ զեկույցները կարիք ունեն ամբողջական ու անկախ հետաքննության: Գերադասելի է, որ դա արվի ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության շրջանակում, և եթե ապացուցվեն, ապա դրանց պատասխանատուները, հարկ է, որ լիարժեքորեն պատասխանատվության կանչվեն և դատապարտվեն ազգային և միջազգային իրավունքի համաձայն: Առանց հետաքննության, այս զեկույցները կշարունակեն լարվածություն ու անվստահություն առաջացնել կողմերի միջև»,- ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս