Հրաշք դիմակ «երեքը՝ մեկում»
Մաշկի խնամքը չի կարող ամբողջական լինել՝ առանց սնուցող դիմակների: Ձուն, իրավամբ, կարելի է համարել ամենատնտեսող և արդյունավետ միջոցը, որը պահպանում է երիտասարդությունն ու մաշկի առողջությունը:
Սպիտակուցն արդյունավետ կերպով ձգում և մաքրում է մաշկը: Դեղնուցը պարունակում է մեծ քանակությամբ լեցիտին, որն ապահովում է մաշկի խորը սնուցումն ու խոնավեցումը: Վիտամիններ A, D և B-ն երիտասարդացնում են մաշկը: Ձվից դիմակներ կարող են օգտագործել բոլոր կանայք՝ անկախ տարիքից:
Դեմքի «թաղանթային» դիմակ
Ձեզ անհրաժեշտ է
- 1 ձու
- Թղթե անձեռոցիկ
Առանձնացրեք սպիտակուցը դեղնուցից և լցրեք տարբեր տարաների մեջ: Սպիտակուցը թեթևակի հարեք: Մաքրած դեմքին քսեք սպիտակուցը: Թղթե անձեռոցիկը կտրատեք և կպցրեք դեմքին, ապա վրայից սպիտակուցի ևս մեկ շերտ քսեք: Թողեք չորանա:
Սպասեք 20-30 րոպե, երբ անձեռոցիկը կոպտանա, կզակի հատվածից՝ դեպի վեր ուղղությամբ, հանեք դիմակը: Զգացողությունը գուցե հաճելի չլինի, սակայն արդյունքը ցայտուն է:
Այնուհետև ձվի դեղնուցը հարեք և քսեք դեմքին: Հավելյալ սնուցման համար կարող եք մի քանի կաթիլ ձիթապտղի կամ կոկոսի յուղ ավելացնել: 10 րոպե անց մաքրեք դեղնուցը:
Ձվի մնացորդները մաքրեք տաք ջրով: Եթե ձեր մաշկը չոր է, ապա «թաղանթային» դիմակի օգտագործումից հետո մաշկին սնուցող քսուք քսեք: Նման դիմակ դրեք շաբաթը 2 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը