6% տնտեսական ակտիվության աճ. ուրախանա՞լ, թե՞ տխրել

Պաշտոնական վիճակագրությունը երեկ հրապարակեց 2016 թվականի հունվար-ապրիլ ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ Դատելով դրանցից՝ տնտեսության վիճակը վատ չէ, ակտիվությունն աճում է, աճի տեմպն էլ՝ գնալով արագանում։

Այսպես, 2016-ի հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 6%-ով։ Համեմատության համար նշենք, որ հունվար-մարտին ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշ) 5.5% էր, հունվար-փետրվարին՝ 4.7%։ Այսինքն, աճի տեմպն արագացել է։

Ամսական կտրվածքով՝ ապրիլը՝ մարտի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 4%-ով։ Նույն ժամանակաշրջանում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10%-ով (ծավալը՝ 421 մլրդ դրամ), ծառայությունները՝ 9.3%-ով (368.17 մլրդ դրամ), գյուղատնտեսության ոլորտի արտադրանքը՝ 4.1%-ով (ծավալը՝ 117.7 մլրդ դրամ)։

Տնտեսության իրական հատվածում անկում է գրանցվել, շինարարությունն անկում է գրանցել 7.4%-ով։ Շարունակում է նվազել նաև ներքին առևտրաշրջանառության ծավալը։ 2016 թվականի առաջին 4 ամիսներին այն կազմել է 600 մլրդ 178.5 մլն դրամ, ինչը 0.7%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Փոխարենը՝ տպավորիչ աճ է գրանցվել արտաքին առևտրի ոլորտում։ Արտահանումն աճել է 21.7%-ով և հասել 512.6 մլն դոլարի։ Ներմուծման ծավալի աճը 18.4% է (ծավալը՝ 1 մլրդ 156.7 մլն դոլար)։

Իհարկե, արտաքին առևտրի այս աճը պայմանավորված է հիմնականում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի խղճուկ ցուցանիշներով (համեմատության բազան թույլ էր)։

Հիշեցնենք, որ 2015-ի հունվար-ապրիլին արտահանումը նվազել էր 18.8%-ով, իսկ ներմուծումը՝ 35.7%-ով։ Այսինքն, արտահանման մասով մենք ետ ենք բերել կորուստը, իսկ ներմուծման մասով՝ դրա մի մասը։ Սպառողական գները 12-ամսվա կտրվածքով նվազել են 1.9%-ով։

Աշխատավարձերը՝ հակառակը՝ աճել են 2.6%-ով (միջին ամսական անվանական աշխատավարձն ապրիլին կազմել է 186 698 դրամ)։ Մի խոսքով, տարվա առաջին 4 ամիսների ցուցանիշները վատը չեն։ Ավելին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ ապրիլին պետբյուջե է մուտքագրվել 100 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը Հայաստանի համար ռեկորդային բարձր ցուցանիշ է։ Դրանով նա ոչ թե ցանկանում էր ասել, որ վարչարարությունն է խստացվել, այլ՝ որ խաղի կանոններ են փոխվել՝ հովանավորչության մակարդակը նվազել է, և հարկերի աճը գրանցվել է օլիգարխներին ստվերից դուրս բերելու հաշվին։

Տարվա առաջին 4 ամիսների համար 6% տնտեսական աճն իրոք վատ ցուցանիշ չէ, եթե նկատի ունենանք, որ ՀՀ պետական բյուջեով 2016 թվականի համար կանխատեսվում է 2.2% տնտեսական աճ։ Իսկ միջազգային կառույցները՝ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, կանխատեսում են 1.9%։

Ճիշտ է, տնտեսական ակտիվության աճի և ՀՆԱ-ի աճի ցուցանիշներն իրարից տարբեր բաներ են, սակայն տոկոսային առումով իրարից այդքան շատ չեն տարբերվում, և մեկի հիման վրա կարելի է մյուսի մասին կարծիք կազմել։ Օրինակ՝ 2015 թվականը փակել ենք տնտեսական ակտիվության 3.1% աճով, իսկ ՀՆԱ-ի աճը (որն ավելի ուշ ամփոփվեց) կազմել է 3%։

Այսինքն, կարելի է ենթադրել, որ այս տարվա առաջին 4 ամիսների կտրվածքով երկրի ՀՆԱ-ն աճել է մոտավորապես 5-5.5%-ով։ Ու այս տեմպերով շարունակվելու դեպքում 2016-ին կարձանագրվի ավելի բարձր տնտեսական աճ, քան նախատեսվում էր։ Սակայն սա այն եզակի դեպքերից է, որ կառավարությունը դժվար թե պարծենա այս ցուցանիշներով։ Ոչ այն պատճառով, որ այս 6% աճն անառողջ աճ է։ Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ արդյունաբերության աճը պայմանավորված է հիմնականում հանքարդյունաբերությամբ, իսկ ծառայությունների ոլորտի աճը՝ խաղատների բուռն գործունեությամբ։

Անգամ, եթե 6% աճը լիներ առողջ ու արժանահավատ, դա բավարար չէ։ Ու եթե 2015 թվականի նույն ժամանակահատվածի 3.6% աճը համարում էինք մեծ ձեռքբերում, ապա հիմա մեզ չի կարող բավարարել անգամ 10% տնտեսական աճը։ Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մեզ հարկավոր է թռիչքաձև աճ, ավելի ճիշտ՝ զարգացում։ Որովհետև մենք ունեցել ենք երկնիշ աճի ժամանակահատված, որը ոչ միայն՝ նախադրյալներ չի ստեղծել հետագա զարգացման համար, այլ հակառակը՝ հիվանդացրել է տնտեսության կառուցվածքը, դարձրել ավելի խոցելի։

Հայաստանին պետք է 20-25%-անոց իրական աճ, որի ազդեցությունը կզգան հասարակության բոլոր շերտերը։ Ամենաուշագրավն այն է, որ այդ թռիչքի պոտենցիալը կա։ Մի առիթով արդեն գրել ենք, որ սովորաբար զինված հակամարտությունների արդյունքում տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են նվազման ուղղությամբ, սակայն մեր դեպքում կարող է հակառակը տեղի ունենալ։ Այն իմաստով, որ ապրիլյան պատերազմն ուղղակի ստիպում է իրական, լուրջ փոփոխություններ կատարել՝ ապահովելով տնտեսական զարգացում, որից կախված է մեր անվտանգությունը։ Այլ հարց է՝ կա՞ ցանկություն այդ պոտենցիալն օգտագործելու։

Սրանից 1 շաբաթ առաջ կառավարության ղեկավարը ելույթ ունեցավ, որը շատերը համարեցին հեղափոխական։ Մյուսները համաձայն են՝ ելույթը հեղափոխական էր, սակայն հարց է՝ դրան հաջորդած քայլերը հեղափոխական կլինե՞ն, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ վարչապետն ըստ էության պատերազմ հայտարարեց պետական անարդյունավետ ծախսերին, կոռուպցիային, մենաշնորհներին, պաշտոնյաների թաքնված շահերին և տնտեսության զարգացումն արգելակող մյուս երևույթներին։
Հաշվի առնելով թե՛ մեր բարձրաստիճան անձանց գործոնը, թե՛ նախկինում հնչած հայտարարություններն ու այդ նույն ներքին, անձնական ու խմբակային շահերը, շատերը չհավատացին ու չեն հավատում անկեղծությանը։ Այսինքն՝ չեն հավատում, որ իշխանությունը պատրաստ է քաղաքական կամք ցուցաբերել և կարգի բերել տնտեսությունը։ Սակայն այս անգամ իրավիճակն ամբողջությամբ տարբերվում է նախորդ իրավիճակներից։

2 օր առաջ որոշում ընդունվեց կրճատել մոտ 800 ծառայողական մեքենա, որը լուրջ ծախս էր հարկատուների համար։ Սակայն խնայողության ռեժիմից շատ ավելի կարևոր է իրական տնտեսական աճը։ Իսկ իրական աճի համար անհրաժեշտ են համալիր լուծումներ ոչ միայն՝ տնտեսական, այլև՝ բոլոր հարթություններում (իրավական, քաղաքական և այլն)։
Այնպես որ, ամենևին կարևոր չէ՝ այսօր մենք ունենք 6% տնտեսական ակտիվությո՞ւն, թե՞ դրանից մի քանի տոկոսային կետով բարձր կամ ցածր։ Շատ ավելի կարևոր է՝ ինչ ենք անում այսօր։

Տեսանյութեր

Լրահոս